Լավ ամուսինը կնոջը լավ կդարձնի:

ՀՈԳՈՒ և ՄԱՐՄՆԻ ՓՈԽԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Հոգու և մարմնի փոխկապակցվածության, ինչպես նաև բուժման բարոյական և հոգևոր կողմերի հարցը ուշադրության է արժանացրել դեռևս Հիպոկրատը 400 տարի մ.թ.ա:

Ընդհանուր առմամբ հոգեմարմնական բժշկությունը կենտրոնանում է ուղեղի, մտքի, մարմնի և վարքի փոխհարաբերություններին, հետևաբար նաև հուզական, հոգեկան, սոցիալական, հոգևոր և վարքային գործոններին, որոնք ուղղակի կարող են ներգործել առողջության վրա: Բժշկության պատմության մեջ հոգու և մարմնի միասնության խնդիրը երկար ժամանակ եղել է իշխող մոտեցումներից մեկը: 16-17- րդ դարերում Վերածննդի ժամանակաշրջանում և ճշգրիտ գիտությունների զարգացմանը զուգընթաց մարդկային հոգևոր կամ հուզական ոլորտը առանձնացվում էր ֆիզիկական մարմնից: Թե’ արվեստի և գրականության, թե’ գիտության մեջ նկատելի էր վերոնշյալ միտումը:

Հոգեմարմնական մոտեցումը /փսիխոսոմատիկան/ բժշկական հոգեբանության ուղղություն է, որն ուսումնասիրում է հոգեբանական գործոնների ազդեցությունը մի շարք սոմատիկ հիվանդությունների առաջացման և ընթացքի վրա:

Գոյություն ունեն հոգեմարմնական հիվանդությունները բացատրող տարբեր տեսություններ: Համաձայն որոշ տեսաբանների` հոգեմարմնական հիվանդությունների հիմնական պատճառը սթրեսն է, մյուսների կարծիքով` անհատի ներսում առաջացած ներքին հակասությունները, երրորդները ավելի են հստակեցնում մոտեցումը` փորձելով բացատրել հոգեբանական պաշտպանական մեխանիզմների շրջանակներում: Այսպես օրինակ` չբավարարված պահանջմունքը կարող է ծնել ագրեսիվություն, իսկ վերջինս կարող է արտահայտվել ինչպես ինքնաագրեսիայով /աուտոագրեսիա/, այնպես էլ ուրիշներին ուղղված ագրեսիայով /գետերոագրեսիայի/: Չարտահայտված ագրեսիան, որ ամենայն հավանականությամբ նույն ինքնաագրեսիան է, կարող է հոգեմարմնական դրսևորումների հիմք հանդիսանալ: Հոգեբանները հաստատում են [1, 2, 3, 4], որ չլուծված հակասությունների պատճառով մարդը դադարում է փնտրել վարքի նոր ձևեր և հետևաբար չի հարմարվում ծանր իրավիճակներին: Այս դեպքերում էլ հոգեմարմնական բնույթի ախտանիշների առաջանալու հող է նախապատրաստվում: Հոգեվերլուծական մոտեցումը, որը լայնորեն տարածվել է 20-րդ դարի սկզբից և գոյատևում է մինչև մեր օրերը, ընդգծում է հոգեկան դետերմինիզմի դերը մարմնական կոնվերսիայի հակազդեցությունների ժամանակ: Հետագայում Ալեքսանդերը կոնվերսիայի ռեակցիանառանձնացրեց հոգեմարմնական դրսևորումներից և ուսումնասիրեց հոգեբանական գործոնների դերը մի շարք հիվանդությունների ժամանակ: Այստեղից էլ ծնվեց հիվանդությունների մոտեցման կենսահոգեսոցիալական /բիոփսիխոսոցիալական/ մոդելը:

Այսպիսով, հոգեմարմնական գործընթացների սկզբնական պատճառը պայմանավորվում է որոշակի հոգեկան վիճակներով կամ դժվարություններով, որոնք առաջ են բերում մարմնական կամ ‎‎ֆիզիոլոգիական բնույթի հակազդեցություններ:

Հոգեմարմնական գործընթացների հետևանքով կարող են փոփոխվել կամ հակազդել հետևյալ օրգան համակարգերը.

ա/ կենտրոնական նյարդային

բ/ սրտանոթային,

գ/ շնչառական,

դ/ մարսողական,

ե/ միզասեռական, ինչպես նաև լինել չճշտված` խառը բնույթի:



Հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ տարբերակում հատուկ ուշադրության են արժանացել հոգեմարմնական դրսևորումները, որոնք ներկայացված են F4 խորագրում: Ստորև ներկայացնում ենք F4 դասակարգումը` կլինիկական նկարագրությամբ և ախտորոշման ցուցումներով: