Հագուստը մարդուն քելք կբերի, կինը մարդուն խելք կբերի:

Ի՞ՆՉ Է ՀՈԳԵԹԵՐԱՊԻԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոգեթերապիան կազմում է միջոցների եւ մեթոդների մի ամբողջություն, որոնք նպատակ ունեն օգնել հուզական կամ վարքային խնդիրներով երեխաներին եւ դեռահասներին: Թեեւ կան հոգեթերապիայի տարբեր տեսաներ, յուրաքանչյուրի հիմքում ընկած է շփումը՝ որպես երեխայի զգացմունքների եւ վարքի մեջ փոփոխություն մտցնելու հիմնական միջոց: Հոգեթերապիան կարելի է անցկացնել անհատ երեխայի, խմբի կամ ընտանիքի համար: Երեխաների եւ դեռահասների շրջանում անցկացվող հոգեթերապիայի մեջ մտնում են խաղալը, նկարելը, կառուցելը, խոսելը՝ որպես զգացմունքներ կիսելու եւ խնդիրները լուծելու ամենակարեւոր միջոցներ:



Նախնական գնահատման ժամանակ մանկապատանեկան հոգեբույժը կարող է տեսնել կամ չտեսնել հոգեթերապիայի անհրաժեշտություն: Որոշումը կայացվում է երեխայի առկա խնդիրների, դրանց պատմության, զարգացման մակարդակի, բուժմանը ենթարկվելու հավանականության եւ այլ չափանիշների հիման վրա: Հոգեթերապիան սովորաբար նշանակվում է բուժական այլ եղանակների՝ դեղորայքների, վարքը փոխելու կամ դպրոցում աշխատելու հետ միասին: Շատ կարեւոր են հիվանդի եւ թերապեւտի միջեւ ձեւավորվող հարաբերությունները: Երեխան կամ դեռահասը պետք է իրեն հանգիստ եւ ապահով զգա, ինչպես նաեւ այն, որ իրեն հասկանում են: Վստահության մթնոլորտում երեխան իր զգացմունքները եւ մտքերը ավելի հեշտությամբ եւ ազատ կարտահայտի, եւ հոգեթերապիան ավելի արդյունավետ կլինի:



Հոգեթերապիան երեխաներին եւ դեռահասներին օգնում է տարբեր ձեւերով: Նրանք հուզական աջակցություն են ստանում, լուծում են մարդկանց հետ ունեցած իրենց հակասությունները, հասկանում են իրենց զգացմունքները եւ խնդիրները, իսկ հին խնդիրների համար լուծման նոր եղանակներ են գտնում: Հոգեթերապիայի նպատակները լինում են կոնկրետ (վարքի փոփոխություն, ընկերների հետ հարաբերությունների բարելավում) կամ ընդհանուր (անհանգստության նվազեցում, ինքնագնահատականի բարձրացում): Հոգեթերապիայի տեւողությունը կախված է խնդիրների բարդությունից: Հոգեթերապիայի մեջ հատուկ մասնագիտացված եւ հմտացած են մանկապատանեկան հոգեբույժները:



Ծնողները պետք է տան հետեւյալ հարցերը.

• Ինչո՞ւ է երեխային նշանակվել հոգեթերապիա:

• Որո՞նք են սպասվելիք արդյունքները:

• Որքա՞ն կտեւի թերապիան:

• Որքա՞ն հաճախ երեխային կայցելի բժիշկը:

• Բժիշկը հանդիպումներ է ունենալու միայն երեխայի՞, թե՞ ողջ ընտանիքի հետ:

• Ինչպե՞ս մենք (ծնողներս) կտեղեկանանք երեխայի վիճակում առաջխաղացման մասին եւ ինչպե՞ս կարող ենք օգնել երեխային:

• Ե՞րբ կարող ենք ակնկալել առաջին փոփոխությունները:



Այս եւ այլ հարցերի կարող է պատասխանել մանկապատանեկան հոգեբույժը: