Կանխատեսել վտանգը նշանակում է կիսով չափ խուսափել նրանից:

ԼԵՈՆՏև

Լեոնտեւը եղել է Վիգոտսկու աշակերտը: Նրա տեսության սկզբնաղբյուրն է դարձյալ պատմա-մշակութային տեսությունը, որն ասում է, որ մարդը զարգանում է շփման մեջ:

Լեոնտեւը կարեւորում է գործունեության գաղափարը եւ գտնում է, որ գործունեությունը ընկած է անձի զարգացման հիմքում: Գործունեություն ասելով հասկանում ենք նպատակաուղղված ակտիվություն:

Ի՞նչ է ընկած գործունեության հիմքում եւ ի՞նչն է ձեւավորում գործունեությունը: Ընդհանրապես վարքը դիտվում է որպես ոչ նպատակաուղղված ակտիվություն, “փնտրողական”: Կա պահանջմունք, եւ մարդը վարքով բավարարում է այդ պահանջմունքը` օրգանիզմի կարիքները հոգալու համար, ինչը ոչ միշտ է գիտակցված, նպատակաուղղված:

Գործունեությունը ձեւավորվում եւ զարգանում է, երբ մարդու հոգեկանում ձեւավորվում են դրդապատճառներ: Գործունեությունը ոչ թե քաոսային ակտիվություն է, այլ նպատակաուղղված: Դրդապատճառները ձեւավորվում են այն ժամանակ, երբ մարդու պահանջմունքները հանդիպում են օբյեկտի հետ, որի միջոցով մարդը կարող է բավարարել այդ պահանջմունքը: Այսինքն` դրդապատճառը առարկայացված պահանջմունք է: Արդեն դրդապատճառի ձեւավորվամն հետ մեկտեղ ձեւավորվում է գործունեությունը, եւ որպեսզի գործունեությունը չկրի քաոսային բնույթ, այլ ունենա նպատակ, դրդապատճառների ձեւավորման հետ միասին ձեւավորվում է նաեւ նպատակ:

Նպատակը այն կետն է, որին մարդը պետք է հասնի իր գործունեության միջոցով, այսինքն` նպատակը պատասխանում է ի՞նչ եմ ես ուզում հարցին, իսկ դրդապատճառը պատասխանում է ինչո՞ւ եմ ես ուզում հարցին: Եթե նպատակը հիմնականում գիտակցաված է, դրդապատճառը պարտադիր չէ, որ լինի գիտակցված, եւ եթե մարդու գործունեության նպատակը գիտակցվում է, իսկ դրդապատճառը` ոչ, ապա լինում է այնպես, որ նպատակին հասնելուց հետո մարդը չի գտնում բավարարվածություն հասած նպատակից:

Դրդապատճառը կատարում է 2 ֆունկցիա` դրդող եւ իմաստավորող: Եթե դրդապատճառը իր երկու ֆունկցիաներն էլ կատարում է, կարելի է ասել, որ մարդը գիտակցության ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, եւ ուրեմն գործունեությունը ավելի հարուստ է իր կառուցվածքով, բովանդակությամբ: Երկրորդ ֆունկցիան` իմաստավորումը, շատ կարեւոր է անձի զարգացման համար: Եվ Լեոնտեւը առաջարկեց անձնային իմաստի գաղափարը` դրդապատճառների հարաբերակցությունը նպատակին, այսինքն` երբ մարդը կարողանում է իմաստավորել, հասկանալ իր նպատակի խորքում ընկած իմաստը:

Պարզ է, որ մարդը կարող է ունենալ գործունեության ոչ թե մի դրդապատճառ, այլ բազմաթիվ` յուրաքանչյուրն իր նպատակով: Եվ այդ բազմաթիվ դրդապատճառների նպատակները ձեւավորում են մարդու անձնային իմաստների համակարգը: Եվ Լեոնտեւը նշում է, որ անձի կառուցվածքի, զարգացման, հասունացման հիմքում ընկած է այս անձնային իմաստների համակարգը: Անձը զարգանում է այդ իր իմաստները ձեւավորելով:

Լեոնտեւը նշում է, որ մեր անձնային իմաստների համակարգը կազմում է մեր “կյանքի իմաստ” հասկացությունը, այսինքն` յուրաքանչյուր անձնային իմաստ ուղղված է կյանքի իմաստը հասկանալուն: Այդ իմաստները, այսինքն` մարդու արժեքները, կարող են փոխվել կյանքի ընթացքում, եւ անձի դինամիկայում այդ արժեքները, իմաստները սկզբում անցնում են մեր էգոյի միջով, եւ ապա փոխվում համամարդկային արժեքների:

Գործունեության կառուցվածքում մենք մեր առջեւ դնում ենք որոշակի նպատակներ: Այդ նպատակներին հասնելու համար պետք է կատարենք խնդիրներ, որոնց համար անում են գործողություններ: Եվ տվյալ փուլում խնդիրը կարող է դառնալ նպատակ:



Լեոնտեւը տալիս է հետևյալ հասկացությունները դրդապատճառի տեղաշարժ դեպի նպատակ / ըստ նպատակի: Այսինքն` գործունեության ընթացքում նպատակը կարող է կորցնել իր նշանակությունը, կարեւորությունը, եւ ընթացքում առաջանում է մի նոր նպատակ` դրդապատճառի իմաստավորման հետ կապվցած: (Օր.` երեխան պետք է դասերը սովորի, բայց ընթացքում նրան կարող է շատ հետաքրքրել թեմաներից մեկը եւ նա խորանա այդ թեմայի մեջ): Այս երեւույթը ընկած է ճգնաժամային տարիքի հիմքում (3, 7, 12-13 տարեկանում): Ավելի շատ այս երեւույթը այն ժամանակ է դրսեւորվում, երբ հստակ ձեւավորված չի եղել նպատակը, եւ քանի որ ճգնաժամային տարիքում նպատակները ավելի անորոշ են, դրդպատճառների իմաստավորման ֆունկցիան շատ ձեւավորված չի, այդ պատճառով էլ հենց այս տարիքում են ի հայտ գալիս դրդապատճառի շարժը դեպի նպատակ:

Անձի զարգացման մեջ մեծ կարեւորություն ունի նաեւ դրդապատճառների համակարգը: Դրդապատճառների հիերարխիան անցնում է երկու փուլով.



1. Առաջին փուլը պոլիմոտիվացվածությունն է` մարդու վարքի եւ գործունեության հիմքում ընկած են մի քանի դրդապատճառներ:

2. Երկրորդ փուլն է գիտակցական կարգավորում` մարդը կատարում է դրդապատճառների գիտակցված ղեկավարում: Սա ավելի շատ կապված է անցումային, դեռահասության տարիքի հետ: Այսինքն` եթե կան մի քանի դրդապատճառներ եւ կոնֆլիկտ դրանց մեջ, երեխան կարողանում է ելք գտնել, լուծել այդ կոնֆլիկտները, եւ դրանով իսկ նա զարգանում է:



Առաջին փուլում երեխան հասկանում է, որ ունի մի քանի դրդապատճառներ: Երկրորդ փուլում նա կատարում է ընտրություն եւ առաջնությունը տալիս է դրդապատճառներից մեկին: (օր.` ուզում է գնալ բակ, բայց պետք է նաեւ դասերը անի):

Կետերը մեր դրդապատճառներն են, որոնցից մեկը կարող է ժամանակի ընթացքում մարդու համար ավելի մեծ կարեւորություն ստանալ, կամ դրդապատճառներից մեկը կամ մի քանիսը կարող են նպաստել այդ կարեւորի ձեւավորմանը: Եվ մարդը այնքանով է հասուն, որնքանով նա կարողանում է դրդապատճառների այս բոլոր հարաբերությունների պայմաններում տվյալ պահի, իրավիճակի համար ընտրել ամենակարեւորը: Սրանով է երեւում անձի դինամիկ լինելը:



3 եւ 7 տարեկանի ճգնաժամերի ժամանակ դրդապատճառների միջեւ այս կապերը կտրտված են: Օր.` երեխան կարող է այնպես տարվել խաղով, որ մոռանա իր մյուս անելիքների մասին: Այստեղ դեռ ձեւավորված չի երեխայի դրդապատճառների համակարգը, եւ երեխան չի կարողանում ինքնակամ, գիտակցորեն դասակարգել իր դրդապատճառները եւ բավարարել դրանք:

Լեւոնտեւը տալիս է նաեւ երկու այլ կարեւոր հասկացություն`



1. ինտերիորիզացիա

2. էքստերիորիզացիա



Բոլոր հոգեկան ստրուկտուրաները, երեւույթները ձեւավորվում են արտաքինից դեպի ներս: Օր.` երեխան շարժումներով յուրացնում է սենյակը, նրա միջի առարկաները եւ այլն: Սա ինտերիորիզացիայի արդյունք է: Գիտելիքները նույնպես ինտերիորիզացիայի արդյունք են:

Դրանից հետո, ինչ-որ ձեռք է բերվում ինտերիորիզացիայի միջոցով, մենք հանում ենք դուրս: Օր.` երեխան սենյակը ուսումնասիրելուց հետո սկսում է ինչ-որ խաղալիք սարքել: Կամ, կնոջ ճաշ եփելը: Սրանք էքստերիորիզացիայի արդյունք են: Այսինքն` ունեցածի հիման վրա նորի (տվյալ մարդու համար նորի) ստեղծումը դա էքստերիորիզացիա է:

Այս երկու պրոցեսները տեղի են ունենում անվերջ: