Կանխատեսել վտանգը նշանակում է կիսով չափ խուսափել նրանից:

ԷՐԻԿ ԲԵՌՆ

Տրանսակցիոն (տրանսակտ) անալիզ - դարձյալ հոգեվերլուծական տեսություն է, շատ պրակտիկ, որն ունի ե'ւ անհատական, ե'ւ խմբային տեխնիկաներ: Բեռնը նորից կարեւորում էր անգիտակցական ոլորտը, մանկական տարիքը:

Բեռնը իր տեսության մեջ հիմնվում էր լարվածություն-լիցքաթափում-հավասարակշռություն սկզբունքի վրա: Այսինքն՝ մարդու հոգեկան կյանքը հիմվում է այս սկզբունքի վրա: Մարդը անգիտակցորեն ձգտում է ներդաշնակության: Հիմնականում սա վերաբերում է ֆիզիկական վիճակներին, որոնք, սակայն, փոխանցվում են հոգեկան ոլորտ:

Բեռնը, Ֆրեյդի նման, առանձնացնում է երկու հիմնական բնազդ՝ լիբիդոյի եւ մորտիդոյի: Լիբիդո ասելով նա հասկանում է կյանքի բնազդը, մարդու բոլոր կոնստրուկտիվ / ստեղծագործ ուժերը՝ սեր, ինչ-որ բանի ստեղծում եւ այլն, իսկ լիբիդոյի ծայրահեղ վիճակը օրգազմն է, ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեւոր՝ երբ մարդը ինչ-որ բան անելուց-հասնելուց հետո օրգազմն է ապրում: Փաստորեն, լիբիդոյի բնազդի իմաստը ինչ-որ բան ստեղծելն : Մորտիդոն նույնպես շատ լայն դիազապազոն ունի եւ իր իմաստի մեջ ներառում է ամեն ինչ, ինչ կապված է դեստրուկտիվ / կործանարար վարքի հետ: Մորտիդոյի ծայրահեղ դրսեւորումը սպանությունն է:

Մարդու ներդաշնակության ձգտումը բերում է ապահովության, եւ Բեռնը նշում է, որ այս երկու բնազդներն էլ օպտիմալ քանակով անհրաժեշտ են այդ ներդաշնակությանը հասնելու համար: Օր.՝ եթե կա լարվածություն, մարդը կարող է անգամ դեստրուկտիվ վարքով թուլացնել այդ լարվածությունը, ասենք՝ ափսե կոտրել եւ հանգստանալ: Այսինքն, այստեղ դրսեւորվեց մորտիդոյի բնազդը:

Ինչպե՞ս է Բեռնը դիտում անձին:

Տրանսակտ վերլուծության մեջ կա մի ուղղություն, որը կոչվում է կառուցվածքային վերլուծություն: Ըստ Բեռնի, մեր անձը կառուցված է 3 մասերից՝ 3 ենթա-ես-երից կամ էգո-վիճակներից՝

1. երեխա էգո-վիճակ

2. ծնող էգո-վիճակ

3. մեծահասակ էգո-վիճակ



Եվ այս երեք մասերն էլ ունեն իրենց ֆունկցիաները:

Երեխան մեր կառուցվածքում մեր բնական, սպոնտան, իմպուլսիվ մասն է, որը վերաբերում է մեր երեւակայությանը, ֆանտազիաներին, երազանքներին: Փոխհարաբերությունների, դաստիարակության ընթացքում մեր “երեխան” կարող է փոխվել: Բեռնը առանձնացնում է երեք տիպի երեխա՝

1. սպոնտան, բնական երեխա. այս “երեխան” կարող է իր վարքի մեջ լինել ամենաբնականը, այսինքն՝ այս մարդը իր մեջ պահել է երեխայի բոլոր հատկությունները:

2. հարմարվող երեխա. “երեխան” կորցրել է իրեն բնորոշ սպոնտանությունը, լսող է, մեծի պես է, հարմարված է իր առջեւ ծնողների կողմից դրված բոլոր պայմաններին:

3. ըմբոստ երեխա. հարմարման հանդեպ հակազդեցությունն է, երբ “երեխան” փորձում է պայքարել հարմարման դեմ, բայց շատ անգամ սա դառնում է ինքնանպատակ, եւ այսպիսով երեխան կորցնում է իր բնական, սպոնտան դրսեւորումները, նա լինում է ագրեսիվ, ըմբոստ եւ այլն: Ըմբոստությունը կարող է շատ ծայրահեղ լինել, եւ սրա պատճառով երեխան կարող է երբեք չհասնել ներդաշնակության: Այսինքն՝ այստեղ պայքար կարող է գնալ ցանկացած օրենքի դեմ:



Փաստորեն, “երեխայի” ֆունկցիան ընդհանուր “ես”-ի մեջ նորության, ստեղծագործելու ձգտումն է:

Ծնող էգո-վիճակի մեջ կուտակված են այն ընդհանուր նորմերը, պահանջները, օրենքները, որոնք անհրաժեշտ են գոյատեւման համար: Կարեւոր է նշել նաեւ, որ մեր ծնող էգոն առավել սոցիալականացված է: “Ծնողը” պահպանողական ֆունկցիա է կրում իր վրա: Ծնող էգո-վիճակը դրսեւորվում է այն ամենի մեջ, որ մենք գիտենք, որ պետք է անել եւ թե ինչպես դա անել՝ ինչպես մեզ պահել շրջապատում, ինչ վարք դրսեւորել, ինչպես խոսել, ինչպես հագնվել, ինչպես ուտել եւ այլն: “Ծնողը” կարեւոր է նրանով, որ նա պահպանում է այն ամենը, ինչ ստեղծված է, եւ նրա ռացիոնալ ֆունկցիան է պահպանել եւ փոխանցել այդ ստեղծվածը:

“Ծնողը” լինում է երկու տիպի՝

1. հոգատար ծնող. այստեղ առկա է գեր-ուշադրություն երեխայի հանդեպ, երբ “ծնողը” փորձում է ամեն ինչ անել երեխայի փոխարեն, շատ ուշադիր է նրա վարքի հանդեպ, հոգատար է, ինչը կարող է ունենալ եւ ծայրահեղ դրսեւորում՝ ճնշելով երեխայի սպոնտանությունը:

2. ավտորիտար ծնող. այսինքն՝ վերահսկող ծնող, երբ շատ հատուկ պահպանվում են այն իրավունքները, որոնք տրվում են երեխային՝ սա պետք է այսպես լինի եւ վերջ, ծնողի ասածը օրենք է, ճիշտն է: Խիստ վերահսկվում են երեխայի վարքագծերը: Այս ծնող էգոն չի ցանկանում կորցնել իր ծնողի հեղինակությունը: Նման ծնողի ազդեցությունը կարող է երեխայի մեջ արթնացնել կամ լսող, կամ ընբոստ “երեխային”:



Թե' “ծնող” եւ թե' “երեխա” էգո-վիճակները դրսեւորվում են որոշակի ժեստերի, բառային արտահայտությունները, պոզաների մեջ:

Մեծահասակ էգո-վիճակը մեր ամենառացիոնալ, ամենաիմաստուն, ամենակշռադատող կողմն է: Մեր մեծահասակ կողմը ավելի մտազբաղ է, փորձում է հասկանալ, դատել: “Մեծահասակի” ֆունկցիան է գտնել ամենապրոդուկտիվ, ամենաօպտիմալ լուծումը այս կամ այն խնդրի: Սրանից ելնելով, “մեծահասակը” գտնում է լեզու “երեխայի” եւ “ծնողի” միջեւ:

Պետք է նշել, որ այս բոլոր դրսեւորումները իրադրային են, այսնիքն՝ իրադրությունն է թելադրում, թե մեր որ կողմը ինչ ուժով ակտիվանա: Եվ “մեծահասակը” ընտրում է, թե որ իրադրության մեջ որ էգո-վիճակը դրսեւորվի:

Մարդը պետք է ունենա այս բոլոր երեք դերերը, որպեսզի ավելի ճկուն լինի:

Տրանսակցիա նշանակում է փոխհարաբերություն, այսինքն՝ այս տեսությունը հիմնված է փոխհարաբերությունների վերլուծության վրա: Տրանսակցիայի մեկ միավորը դա երկու էգո-վիճակների միջեւ փոխհարաբերությունն է:









Զրույցի ընթացքում այս երկու տրանսակցիաները պարտադիր չէ, որ մնան նույնը. դրանք կարող են փոփոխվել: Օր.՝ պարտադիր չէ, որ զրույցն ընթանա, ասենք, մեծահասակ – մեծահասակ փոխհարաբերությունների միջեւ:

Բեռնը նշում էր, որ կան ստերեոտիպային տրանսակցիաներ: Օր.՝ երկու ծանոթ հանդիպելիս ասում են՝ “բարեւ, ինչպե՞ս ես - լավ եմ, դո՞ւ ինչպես ես”, այս դեպքում մեր գիտակցականը այնքան էլ չի մասնակցում, այլ մենք մեխանիկորեն ենք վարում այս տրանսակցիան: Բայց եթե սովորականից դուրս մեկ հարց լինի, օր.՝ “տխուր տե՞սք ունես”, եւ մենք ձգվում են, լարվում, փորձելով ընտրել մի նոր տրանսակցիա՝ պատասխանելու համար, որը արդեն ստերեոտիպային չէ:



Կան նաեւ ժամանցային տրանսակցիաներ, օր.՝ երբ երկու ծնող զրուցում են իրենց երեխաների մասին: Այս տրանսակցիան կախված է մարդկանց առանձնահատկություններից:

Կան պրոցեսային տրանսակցիաներ, որը կապված է պրոցեսի հետ, երբ զրույցը գնում է ինչ-որ մի կոնկրետ օբյեկտի շուրջ (օր.՝ ծնողական ժողովը, դասը, բժշկի աշխատանքը, երբ կա հատուկ օբյեկտ, որի շուրջ ծավալվում են գործողությունները): Այս տրանսակցիաները կախված չեն մարդկանց առանձնահատկություններից:

Կան ծիսական տրանսակցիաներ, որոնց խախտման դեպքում մարդը կարող է լուրջ անհանգստանալ (օր.՝ երբ հյուր ենք գնում, մեզ դիմավորում են, բարեւում, վերցնում պայուսակը, ժպտում, այսինքն՝ սրանք ծեսեր են, բայց բավական է, որ դիմավորողը դուռը պարզապես բացի եւ գնա-շարունակի իր գործը, որպեսզի մենք մտածենք, թե ինչ ենք արել, ինչու մեզ այդպես դիմավորեցին)

Պետք է նշել, որ այս երեք էգո-վիճակների միջեւ փոխհարաբերությունները սովորաբար ընդհարումներ չեն առաջացնում:



















Այս փոխհարաբերություններում հիմնական դերը եւ հիմնական ծանրաբեռնվածությունը ընկնում է մեծահասակի վրա, որը կարողանում է ցանկացած հույզերին, իմպուլսներին տալ ադեկվատ պատասխաններ, ինչի շնորհիվ էլ ընդհարումները քիչ հավանական են:

Սակայն Բեռնը նշում է, որ կան նաեւ այսպես կոչված հատվող փոխհարաբերություններ, որոնք կարող են բերել ընդհարումների: Օր.՝ ամուսինը կնոջը ասում է “որտե՞ղ ՝ վերնաշապիկս”, այսինքն՝ ամուսինը տալիս է “երեխայի” տրանսակցիա, իսկ կինը պատասխանում է “այ, ամեն օր այս նույն պատմությունն է, չե՞ս կարող հետեւել քո իրերին”, այսինքն՝ կինը տալիս է “ծնողի” պատասխան, եւ սա բերում է ընդհարման: Իսկ եթե կինը պատասխանի “մեծասահակի” էգո-վիճակից եւ պարզապես ասի, թե որտեղ է գտնվում ամուսնու շապիկը, նրանք ընդհարումից կխուսափեն:

Բեռնը առանձնացնում է նաեւ այսպես կոչված թաքնված տրանսակցիաներ: Բոլոր մարդկային խաղերը հիմնված են հենց այս թաքնված տրանսակցիաների վրա, եւ Բեռնը իր տեսությունից մեկը անվանել է հենց խաղի անալիզ: Թաքնված տրանսակցիա նշանակում է՝ ֆորմալ կերպով մեր տրանսակցիաները կատարվում են որոշակի էգո-վիճակների միջեւ, բայց իրականում, ենթագիտակցաբար մեր դրդապատճառները հիմնված են մեկ այլ էգո-վիճակի վրա: Սա ինչ-որ չափով կարող է բերել պրովոկացիաների: Օր.՝գնորդ-վաճառող հարաբերություններում - գնորդը հարցնում է՝ “ի՞նչ արժե”, վաճառողը պատասխանը տալու փոխարեն ասում է՝ “Դուք չեք կարող դա ձեզ թույլ տալ, թանկ է”: Թվում է, թե գործ ունենք մեծահասակ – մեծահասակ տրանսակցիայի հետ, սակայն վաճառողը տրանսակցիան տանում է դեպի “երեխան”, եւ գնորդը եթե գնա պրովոկացիայի եւ ասի՝ “ոչ, կարող եմ թույլ տալ, ահա իմ գումարը”, նա կտա հենց “երեխա” էգո-վիճակի պատասխանը: Իսկ եթե պարզապես կրկնի հարցը՝ “ի՞նչ արժե”, նշանակում է՝ պատասխանում է “մեծահասակը”, չգնալով վաճառողը պրովոկացիային:

Այսպիսով, մեր խաղացած բոլոր խաղերը հիմնվում են թաքնված տարսնակցիաների վրա: Եվ այս թաքնված դրդապատճառները կարող են դրսեւորվել մշտական, երկարատեւ տրանսակցիաներում, եւ այս դեպքում անպայման կառաջանան խնդիրներ եւ անհասկանալի կետեր մարդկային փոխհարաբերություններում:



Բեռնը իր տրանսակցիայի մեջ տվեց մեկ այլ նեղ տեսություն՝ կյանքի սցենարի վերլուծություն: Կյանքի սցենարը մեզ տրվում է ծնողների կողմից, մանուկ հասակից: Երեխայի համար յուրաքանչյուր վերաբերմունք, բառ, փոխհարաբերություն տպավորվում է նրա մեջ: Նա ձգտում է հասնել հենց այն մոդելին, որ ծնողը շատ հաճախ դնում է իր վրա՝ որպես իր երազած երեխայի: Կամ լինում են դեպքեր, երբ ծնողները ուզում են երեխային դարձնել այնպիսին, ինչպիսին իրենց չի հաջողվել դառնալ, այսինքն՝ նրա վրա դնել իրենց սցենարը:

Բեռնը տվել է այս սցենարների չորս հիմնական տիպ՝



1. Ես – ok, դու – ոչ ok: “Դու”-ն այստեղ միջավայրն է լայն իմաստով: Այս սցենարի դեպքում շրջապատում բոլորն անհաջողակ են, միայն “ես”-ն է լավը, եւ ցանկացած փոխհարաբերություններում նա ձգտում է ապացուցել դա:

2. Ես – ոչ ok, դու – ok: Այստեղ մեծ է թերարժեքությունը սեփական անձի նկատմամբ, առկա է դեպրեսիվ, հուսահատ վիճակ: “Ինչո՞ւ է աշխարհը այսքան ծուռ, ինչու բոլորը երջանիկ են, իսկ ես՝ ոչ” – սա է այս սցենարով ապրող մարդու դիրքորոշումը, որը շատ արգելակող բնույթ ունի, երբ մարդը համոզված է, որ ոչնչի չի կարող հասնել, կամ էլ երբեք գոհ չի իր հասած արդյունքից:

3. Ես – ոչ ok, դու – ոչ ok: Շատ անհույս վիճակ է, երբ մարդ ոչնչի չի ձգտում եւ ոչ մի բանի վրա չի ուրախանում:

4. Ես – ok, դու – ok: Առկա է դրական վերաբերմունք ե'ւ սեփական անձի, ե'ւ ուրիշների հանդեպ: Սա կյանքի առողջ սցենար է, որը թույլ է տալիս մարդուն համագործակցել, շփվել, վստահել դիմացինին, այսինքն՝ լուծել ցանկացած իր առջեւ ծառացած խնդիր:



Բեռնը նաեւ վերլուծել է հեքիաթները, որոնք նույնպես ուժեղ սցենարներ են տալիս երեխային, եւ որոնք ոչ միշտ են դրական ազդեցություն ունենում երեխայի վրա: