Բարկությունը պատժում է իրեն` բարկացողին:

ԱԴԼԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Ադլերը հիմք դրեց հումանիստական տեսության, որովհետեւ նա գտնում էր, որ մարդու մեջ առաջնային է սոցիալական բնազդը` սոցիալական հետաքրքրվածությունը, բնազդը գտնվել սոցիումի մեջ, լինել միասին ուրիշների հետ:



Մարդու ակտիվության դրդող ուժը Ադլերը համարում է թերարժեքության զգացումը: Նախ, նա, ուսումնասիրելով իր հիվանդներին, զարգացրել է տեսություն, ըստ որի մարդու որեւէ ֆիզիկական թերությունը նրա մոտ առաջացնում է անլիարժեքության, թերարժեքության զգացում, որի հետեւանքով նա իր հոգեկանը ուղղում է լրացնելու այդ թերարժեքությունը: Ավելի ուշ Ադլերը այդ նույն թերարժեքության զգացմանը վերագրեց նաեւ հոգեբանական դիսկոմֆորտը: Եվ մարդ, փաստորեն, իր ամբողջ կյանքի ընթացքում փորձում է կոմպենսացնել այս զգացումը:

Ադլերը առանձնացրեց այսպիսի մի հասկացություն` կեղծ ավարտ: Թերարժեքության զգացումը բերում է նրան, որ մենք դեռ փոքր հասակից մեր ապագայի մասին ունենում ենք որոշակի պատկեր, որը կարող է նաեւ ձեւավորվել սոցիումի ազդեցության տակ, եւ եթե երեխան շատ խորը թերարժեքության զգացում ունի, նրա այդ պատկերացումները ավելի կեղծ են լինում: Նա ձգտում է մեծանալ եւ հասնել իր կեղծ ապագային` հաղթահարելու համար թերարժեքության զգացումը: Այս կեղծ ավարտը մեր ենթագիտակցության մեջ հաստատվում է մինչեւ 5-6 տարեկանը, այսինքն` ինչ է նա ուզում ապագայից, ինչ զգացողություն է նա ուզում ապրել ապագայում եւ այլն: Եվ ապագայի այս կեղծ պատկերացումները պայմանավորում են մեր ներկան: Իսկ դրանք կեղծ են, որովհետեւ օբյեկտիվ չեն, իրական չեն, անհայտ է` ինչ կլինի ապագայում:

Ըստ Ադլերի, ֆիկտիվ ֆինալիզմը պայմանավորում է մարդու վարքը, եւ յուրաքանչյուր վարքի դրսեւորում բացատրվում է նրանով, թե ինչին է նա ուզում հասնել: Մարդիկ կարող են միեւնույն վարքը ցուցաբերել՝ զբաղվել սպորտով, գիտությամբ, սակայն ֆիկտիվ նպատակը կարող է տարբեր լինել:

Ադլերն առանձնացնում է նաեւ մյուս զգացումը` գերազանցության զգացումը, որը բնածին է: Գերազանցության զգացումը էվոլյուցիայի տեսանկյունից կարեւոր է գոյատեւման համար: Գերազանցության զգացումը մեզ գոյատեւելու ուժ է տալիս: Եթե մարդու մոտ զարգացած է սոցիալական բնազդը, գերազանցության զգացումը աշխատում է ի օգուտ մարդուն եւ ի օգուտ այլ մարդկանց, այսինքն` մարդը զարգանալով զարգացնում է նաեւ ուրիշներին: Եթե սոցիալական զգացումը զարգացած չի, գերազանցության զգացումը աշխատում է միայն ի օգուտ իր սեփական անձին եւ ի վնաս ուրիշներին: Մարդը սկսում է իշխել, մանիպուլիացիա անել ուրիշներին եւ այլն:

Ադլերը առանձնացնում է կոմպենսացիայի տարբեր ձեւեր`



• Հաջողված կոմպենսացիա, երբ կա գերազանցության զգացում եւ սոցիալական բնազդ:

• Մասնակի կոմպենսացիա, կամ հիպերկոմպենսացիա, երբ մարդ զարգացնում է միայն մի տեղը, որտեղ ունի թուլություն, այսինքն` տեղի է ունենում միակողմանի զարգացում: Օրինակ` երբ տղա երեխան փոքր հասակում թույլիկ է լինում, եւ բոլորը նրան ասում են, որ դու թույլ ես եւ այլն, երեխան դեռահասության տարիքում սկսում է զգաղվել մարմնամարզությամբ: Այս դեպքում կոմպենսացիան տեղի է ունենում մի ուղղությամբ, մարդն ամբողջությամբ չի զարգանում:

• Չհաջողված կոմպենսացիա. կա այսպիսի հասկացություն` փախուստ դեպի հիվանդություն, երբ մարդը կենտրոնանում է իր թերության, թերարժեքության վրա եւ, բացարձակ չունենալով գերազանցության զգացում, առաջնորդվում է կարգախոսով “այսպես եմ ուզում եւ վերջ, թող մյուսները բավարարեն իմ զգացմունքները”:



Կոմպենսացիայի որ ձեւը գերակշռումն է, ըստ այդմ էլ ծնվում է մարդու կյանքի ոճը:

Ի՞նչ պայմաններ կարող են ուժեղացնել թերարժեքության զգացումը: Ադլերը սա անվանում է զարգացման խոչընդոտներ, որոնք են` Հիվանդությունը, ֆիզիկական թերությունը, Երեսառածությունը, Մեկուսացումը

2-րդ եւ 3-րդ խոչընդոտները վերաբերում են սոցիալական միջավայրին: Երեխան երես է առնում, երբ նրա համար արվում է ամեն ինչ, եւ կարող է տեղի ունենալ դեգրադացիա, քանի որ երեխան չի զարգանա: Իսկ մեկուսացումը թույլ չի տալիս, որ մարդու մոտ ձեւավորվի սոցիալական հետաքրքրվածությունը:



Ադլերը ստեղծել էր դաստիարակման դպրոց, որտեղ ծնողներին բացատրում էր, թե ինչպես դաստիարակել երեխաներին: Նա նաեւ նշում էր, որ ըստ երեխաների ծնվելու հաջորդականության, նրանք տարբեր են լինում: Օրինակ` առաջնեկը ավելի տագնապալի իրավիճակներում է մեծանում, քանի որ ոչ միայն ինքն է ձգտում ամեն ինչ անել ճիշտ, ժամանակին, այլեւ ծնողները նույնպես երեխային են փոխանցում իրենց ճիշտ ձեւերը, լարված են` սխալներ չանելու, երեխային հսկելու համար: Երկրորդ երեխայի ծնվելուն պես պայքար է առաջանում երկու երեխաների միջեւ, քանի որ մեծը նկատում է, որ իր ծնողները ավելի մեծ ուշադրություն են դարձնում երկրորդ երեխային: Ծնողները պետք է առաջին երեխային էլ ներգրավեն երկրորդի դաստիարակության մեջ: Երկրորդ երեխան, ի տարբերություն առաջինի, ավելի ադապտացված է մեծանում, ծնողներն էլ ավելի քիչ ցավագին են վարեբարվում նրա դաստիարակությանը, նրան շատ չեն հետեւում:



Հոգեվերլության մեջ կա հոգեբանական դետերմինիզմ ՝ պատճառահետեւանքային կապ հասկացությունը: Ֆրեյդի հոգեվերլուծության մեջ կա խիստ դետերմինիզմ գաղափարը, այսինքն՝ այս կամ այն արդյունքի մեջ ընկած է անպայման տվյալ պատճառը: Ադլերը առաջարկում է մի հասկացություն, որով բացատրում է պատճառահետեւանքային կապի կոտրումը՝ ստեղծագործական “ես”-ը, որը կարող է կոտրել մարդու կյանքի այն ոճը, որ մանկությունից տրված է իրեն, եւ կառուցել իր այլ կյանքի ոճը՝ ստեղծագործական “ես”-ի զարգացման շնորհիվ: Ստեղծագործական “ես”-ի միջոցով ֆիկտիվ նպատակները դառնում են իրական: Ստեղծագործական “ես”-ը դրսեւորվում է, երբ մենք կոնկրետ նպատակ ենք դնում մեր առջեւ, լիովին գիտակցում ենք այդ նպատակը եւ դրա հետեւանքները, եւ հենց այս նպատակի իրագործումը բերում է ստեղծագործական “ես”-ին, որի հետեւանքով էլ ֆիկտիվ նպատակը դառնում է իրական:

Ադլերը մեծ նշանակություն է տալիս սոցիալական բնազդին, որը հոգեբանորեն հասուն մարդու մոտ դրսեւորվում է որպես համագործակցություն մարդկանց հետ: