Ժամանակին դրված մի կարը կխնայի հետագա իննը:

ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԴԵՌԱՀԱՍԻ ԾՆՈՂ ԼԻՆԵԼՈՒՆ

Ծնող լինելը հասուն կյանքի ամենապարգեւահատույց գործն է: Ոչինչ այդքան ուրախություն եւ հպարտություն չի պարգեւում, քան երջանիկ, գործուն եւ սիրող երեխան: Երեխայի աճի եւ զարգացման յուրաքանչյուր փուլ ունի իրեն հատուկ նպատակներ եւ պարտականություններ: Օրինակ՝ նորածնի համար դա ուտելն է, քնելը եւ աշխարհը բացահայտելը, դեռահասի համար՝ սեփական անձը ձեւավորելը, ընկերներ ձեռք բերելը: Դեռահասներին բազմաթիվ հմտություններ են հարկավոր իրենց նպատակներին հաջողությամբ հասնելու եւ դրա ճանապարհին անկախանալու համար: Որոշ դեռահասների մոտ մանկությունից պատանեկություն անցումը այդքան էլ սահուն չի լինում: Նրանց զարգացումը դեպի անկախություն կարող է ծնողներին ցավ եւ վիշտ պատճառել: Այնուամենայնիվ, զարգացման այս կտրուկ փոփոխությունները, թեեւ դժվար են, բայց եւ նորմալ եւ չպետք է ծնողների մեջ տագնապ առաջացնեն:



Իրենց երեխայի դեռահասությանը ծնողները պետք է որքան հնարավոր է շուտ պատրաստվեն: Ստորեւ բերվում են այն ճանապարհները, որոնցով ծնողները կարող են իրենց պատրաստել իրենց երեխայի դեռահասությանը եւ օգնել երեխային հաջողությամբ կատարել անցումը մանկությունից դեռահասություն՝ ստանձնելով համապատասխան նպատակներ եւ պատասխանատվություններ.

• Ընտանիքում ստեղծել ապահով եւ սիրալիր միջավայր:

• Ստեղծել ազնվության, փոխադարձ վստահության եւ հարգանքի մթնոլորտ:

• Թույլատրել երեխայի տարիքին համապատասխան անկախություն եւ վստահություն:

• Հաստատել այնպիսի հարաբերություններ, որ երեխան կարողանա կիսվել եւ խոսել ծնողի հետ, երբ հուզված է:

• Սովորեցնել սեփական եւ ուրիշների իրերի համար պատասխանատվություն:

• Սովորեցնել ընդհանուր ընտանեկան պատասխանատվություններ:

• Սովորեցնել սահմանափակումների կարեւորությունը եւ ընդունումը:



Երեխայի դեռահաս դառնալու տարիները ավելի հեշտ կընթանան, եթե ծնողները եւ երեխան միասին աշխատեն վերոհիշյալ նպատակների վրա երեխայի զարգացման վաղ ժամանակաշրջանից:



Ծնողի եւ երեխայի հարաբերությունների ամենակարեւոր կողմերից մեկն է երեխայի ազատ կիսվելը ծնողի հետ: Նման հարաբերություններ հաստատելը եւ բաց զրույցներին հասնելը ժամանակ, համառություն եւ փոխընբռնում է պահանջում: Հարաբերությունները աստիճանաբար են ձեւավորվում՝ երեխայի հետ աշխատելիս: Ուտելու ժամերը, գրքեր կարդալը, պատմություններ պատմելը, խաղեր խաղալը, դուրս գալը, հանգստանալը եւ տոներ կազմակերպելը ծնողի եւ երեխայի համար միասին ժամանակ անցկացնելու լավագույն հնարավորություններն են: Ծնողները նաեւ պետք է ջանան ժամանակ գտնել յուրաքանչյուր երեխայի հետ անհատապես ժամանակ անցկացնելու, հատկապես, երբ պետք է զրուցել երեխային հուզող կամ խանգարող խնդրի մասին: Նման հարաբերությունները հիմք են ստեղծում դեռահասության շրջան մտնող երեխայի հետ բաց զրույցներ ունենալու համար:



Երբ ծնող-երեխա հարաբերությունները երեխայի նախադեռահաս շրջանում բարդ են եւ անհանգստացնող, կարող է լինել մասնագիտական օգնության դիմելու կարիքը: Ծնողների կողմից անհրաժեշտ ժամանակի եւ ջանքերի ներդրումը երեխայի մանկության շրջանում կարող է կանխել նրա փոքր դժվարությունների վերածումը մեծ խնդիրների արդեն դեռահաս տարիքում: