Ուժով բացած վարդը հոտ չի ունենա:

ԴԵՌԱՀԱՍՆԵՐ. ԱԼԿՈՀՈԼ ԵՎ ԱՅԼ ԹՄՐԱԴԵՂԵՐ

Դեռահասները հաճախ են փորձարկում ալկոհոլային խմիչք ու թմրադեղեր: Դժբախտաբար, նրանք հաճախ չեն տեսնում կապը այսօրվա իրենց արարքների եւ վաղը դրանց հետեւանքների միջեւ: Նրանք նաեւ հակված են կարծել, թե լիովին պաշտպանված են այն խնդիրներից, որ ունեն ուրիշները: Վաղ հասակում ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործումը բարձրացնում է հետագայում այլ թմրադեղերի օգտագործման հավանականությունը: Որոշ դեռահասներ փորձում են, հետո դադարում, կամ շարունակում օգտագործել ժամանակ առ ժամանակ՝ առանց լուրջ խնդիրների: Մյուսների մոտ զարգանում է կախվածությունը, որը մղում է նրանց օգտագործել ավելի վտանգավոր թմրադեղեր, ինչը իր հերթին լուրջ վնաս է հասցնում դեռահասներին եւ, հնարավոր է, այլ մարդկանց:



Դեռահասության շրջանը նոր բաներ փորձելու ժամանակն է: Դեռահասները ալկոհոլ եւ թմրադեղեր են օգտագործում տարբեր պատճառներով, ներառյալ հետաքրքրությունը, այն հաճույք է պատճառում, մեղմում է լարվածությունը, իրենք իրենց չափահաս են զգում եւ ընդհանուր միջավայրից դուրս չեն մնում: Դժվար է կանխատեսել, թե որ դեռահասները կփորձեն ու կդադարեն, իսկ որոնք կունենան լուրջ խնդիրներ: Ռիսկի խումբ են կազմում այն դեռահասները, որոնք.

• ունեն ժառանգական նախատրամադրվածություն

• ընկճված են (տառապում են դեպրեսիայով)

• ունեն ցածր ինքնագնահատական

• զգում են, որ ընդհանուր միջավայրից դուրս են մնացել



Դեռահասները չարաշահում են տարբեր նյութեր, որոնք ձեռք են բերում թե՛ օրինական եւ թե՛ ապօրինի ճանապարհով: Առաջինների թվին են պատկանում ալկոհոլը, դեղատոմսով դուրս գրված դեղերը, ինհալանտները (սոսինձների, աէրոզոլների եւ լուծիչների գոլորշիները) եւ առանց դեղատոմսի վաճառվող՝ հազի, մրսածության դեմ, քնաբեր եւ այլ դեղերը: Ապօրինի կերպով ձեռք բերված դեղերից են մարիխուանան, խթանիչները (կոկաին, կրեկ, սփիդ), LSD, PCP, ապիատները, հերոյինը եւ այլն:



Ապօրինի թմրադեղերի օգտագործումը աճում է: Այսպես, մարիխուանա առաջին անգամ փորձում են միջինում 14 տարեկանում, իսկ ալկոհոլի օգտագործումը կարող է սկսվել մինչեւ 12 տարեկանը: ԲՈՒՀ-երում մարիխուանայի եւ ալկոհոլի օգտագործումը սովորական է դարձել:



Թմրադեղեր օգտագործելը ունի մի քանի բացասական հետեւանքներ, այդ թվում՝ հետագայում ավելի վտանգավոր նյութերի օգտագործումը, դպրոցում վատ սովորելը եւ վատ կողմնորոշվելը, ինչը կարող է հանգեցնել դժբախտ պատահարների, բռնության, չպլանավորված եւ ոչ ապահով սեռական կապերի եւ ինքնասպանության:



Ծնողները կարող են օգնել իրենց երեխաներին, եթե վաղ հասակից տեղեկացնեն նրանց թմրադեղերի մասին, ազատորեն քննարկեն այդ հարցը նրանց հետ եւ կարողանան վաղ շրջանում տեսնել զարգացող խնդիրների նշանները:



Ալկոհոլի եւ թմրադեղերի չարաշահման մասին ահազանգող նշաններից են.



Ֆիզիկական – հոգնածություն, հաճախակի գանգատներ առողջական վիճակից, կարմրած եւ մշուշապատված աչքեր, երկարատեւ հազ:



Հուզական - բնավորության գծերի փոփոխություններ, տրամադրության հանկարծակի փոփոխություններ, բարկացկոտություն, անպատասխանատու արարքներ, ցածր ինքնագնահատում, թույլ դատողություն, ընկճվածություն եւ ընդհանրապես հետաքրքրությունների բացակայություն:



Ընտանեկան – վիճաբանությունների բռնկում, կանոնների խախտում կամ ընտանիքից մեկուսացում:



Դպրոցական – ցածր հետաքրքրվածություն, բացասական վերաբերմունք, ցածր գնահատականներ, հաճախակի բացակայություններ, ծուլություն եւ անկարգապահություն:



Հասարակական խնդիրներ – նոր ընկերներ, որոնք քիչ են հետաքրքրվում ընդունված տնային եւ դպրոցական գործերով, խնդիրներ օրենքի հետ, հագուստի ոճի եւ երաժշտական նախասիրությունների փոփոխություն՝ դեպի պակաս պայմանական:



Վերոհիշյալ նշաններից շատերը կարող են նաեւ այլ պրոբլեմների հետեւանք լինել: Ծնողները կարող են բացահայտել խնդրի գոյությունը, սակայն չեն կարող ախտորոշել այն:



Իրենց սերն ու հոգատարությունը ցույց տալու ամենալավ միջոցը դեռահասի հետ ալկոհոլի եւ այլ թմրադեղերի օգտագործման վտանգի մասին ազատորեն խոսելն է:



Առաջին քայլը թերապեւտի հետ խորհրդակցելն է՝ վերոհիշյալ նշանների հնարավոր ֆիզիկական պատճառները բացահայտելու համար: Հաջորդ քայլը երեխայի հոգեկան վիճակի գնահատումն է մանկապատանեկան հոգեբույժի կողմից: