Սև հավն էլ է սպիտակ ձու ածում:

ԱԼԿՈՀՈԼԻԿ ԾՆՈՂՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Ամերիկացի դեռահասներից հինգից մեկը մեծացել է ալկոհոլիկ ծնողների ընտանիքում: Մանկապատանեկան հոգեբույժները գիտեն, թե որքան ավելի մեծ է այս երեխաների հուզական խնդիրներ ունենալու վտանգը, քան այն երեխաների մոտ, ում ծնողները ալկոհոլիկ չեն: Ալկոհոլիզմը փոխանցվում է սերունդներին, եւ ալկոհոլիկ ծնողների երեխաները չորս անգամ ավելի մեծ հավանականություն ունեն ալկոհոլիկ դառնալ, քան մյուս երեխաները: Ալկոհոլիկ ծնողների երեխաներից շատերը որոշ չափով ենթարկվել են արհամարհանքի կամ բռնության:



Նման ընտանիքում երեխան կարող է բազմաթիվ խնդիրներ ունենալ.

• Մեղքի զգացում. Երեխան կարող է իրեն համարել ծնողի խմելու միակ պատճառը:

• Անհանգստություն. Երեխան կարող է անընդհատ անհանգստանալ տան իրավիճակի համար: Նա կարող է վախենալ, որ ծնողը կվնասվի իրեն կամ կհիվանդանա, ինչպես նաեւ կարող են վախենալ ծնողների միջեւ կռիվներից եւ բռնությունից:

• Շփոթություն. Ծնողները կարող են երեխային ներշնչել այն համոզմունքը, թե իրենց տանը ահավոր գաղտնիք կա: Շփոթված երեխան խուսափում է ընկերներին իրենց տուն հրավիրելուց եւ ուրիշներից օգնություն խնդրելուց:

• Մտերիմ հարաբերություններ հաստատելու անընդունակություն. Քանի որ երեխան բազմիցս հիասթափվել է խմող ծնողից, նա չի վստահում մարդկանց:

• Շփոթվածություն. Ալկոհոլիկները սիրող ծնողներից հանկարծ վերածվում են կատաղած ծնողների, անկախ երեխայի վարքից: Օրեկան կանոնավոր գրաֆիկը, որը շատ կարեւոր է երեխայի համար, գոյություն չունի, քանի որ քնելու եւ ուտելու ժամերն անվերջ փոխվում են:

• Զայրույթ. Երեխան զայրույթ է զգում ծնողի նկատմամբ վերջինիս խմելու համար, իսկ ոչ ալկոհոլիկ ծնողի վրա կարող է զայրանալ աջակցության եւ ապահովության պակասի պատճառով:

• Դեպրեսիա. Երեխան միայնակ եւ անօգնական է զգում իրեն եւ չի կարող փոխել իրավիճակը:



Թեեւ երեխան փորձում է իրենց ընտանիքի ալկոհոլիզմը գաղտնի պահել, ուսուցիչները, բարեկամները, հասակակիցները եւ ընկերները կարող են զգալ, որ ինչ-որ բան այն չէ: Մանկապատանեկան հոգեբույժները առանձնացնում են հետեւյալ նշանները՝ որպես տանը ալկոհոլիզմի կամ նման խնդրի առկայության նշաններ.

• Անհաջողություններ դպրոցում, բացակայություններ դասերից

• Ընկերների բացակայություն, քաշվածություն համադասարանցիներից

• Օրինախախտ վարք՝ գողություն կամ բռնություն

• Հաճախակի ֆիզիկական բողոքներ՝ գլխացավ, փորացավ

• Թմրադեղերի կամ ալկոհոլի չարաշահում

• Ագրեսիա այլ երեխաների նկատմամբ

• Վտանգավոր արարքներ

• Դեպրեսիա կամ ինքնասպանության մտքեր կամ փորձեր



Ալկոհոլիկների երեխաները կարող են իրենց պատասխանատու □ծնողների□ պես պահել տանը եւ ընկերների շրջանում: Նրանք կարող են ալկոհոլիզմի խնդիրը հաղթահարել՝ ավելի կազմակերպված դառնալով, դպրոցում հաջողությունների հասնելով, բայց միեւնույն ժամանակ զգացմունքայնորեն մեկուսանալ այլ երեխաներից եւ ուսուցիչներից: Նրանց հուզական խնդիրները կարող են ի հայտ գալ միայն չափահաս տարիքում:



Անկախ նրանից՝ իրենց ծնողները ալկոհոլիզմից բուժվում են, թե ոչ, երեխաներին եւ դեռահասներին կարող են օգնել ալկոհոլիկ ծնողներ ունեցող երեխաների համար հատուկ կրթական ծրագրերը եւ խմբակները: Շատ կարեւոր է նաեւ վաղ մասնագիտական օգնությունը, ինչը կկանխի խնդիրների բարդացումը երեխայի համար, ներառյալ հենց երեխայի ալկոհոլիկ դառնալու վտանգը: Մանկապատանեկան հոգեբույժը օգնում է այս երեխաներին հաղթահարել իրենց խնդիրները եւ հասկանալ, որ իրենք պատասխանատու չեն ծնողների խմելու համար:



Բուժման ծրագրի մեջ կարող է մտնել խմբակային թերապիան հասակակիցների հետ, ինչն օգնում է երեխային դուրս գալ մեկուսացումից եւ տեսնել, որ ինքը ալկոհոլիկ ծնող ունեցող միակ երեխան չէ: Հոգեբույժները հաճախ աշխատում են ամբողջ ընտանիքի հետ, մասնավորապես, երբ ծնողը դադարել է խմել, այսպիսով օգնելով մշակել միմյանց հետ շփվելու ավելի արդյունավետ միջոցներ: