Փոքր կրակը հանգեցնելը հեշտ է:

ԲՆԱԿԱՆ ՎԻՃԱԿ

Ծնողները սովորաբար անհանգստանում են իրենց երեխաների առողջությամբ եւ բարեկեցությամբ: Ծնողներից շատերի կարծիքով, նրանց երեխաները նորմալ են: Սակայն կան նաեւ ծնողներ, որոնց հուզում են իրենց նորածնի, երեխայի կամ դեռահասի խնդիրները: Այս անհանգստությունները կարող են տարբեր լինել, օրինակ՝

• ինչպես է զարգանում երեխան

• երեխայի հուզական նորմալ վիճակը

• ինչ է երեխան խոսում, մտածում եւ զգում

• ինչպիսին է երեխայի վարքը, օրինակ՝ ուտելը, քնելը, պահվածքը դպրոցում, ընտանիքի եւ ընկերների հետ շփումը, սթրեսերը հաղթահարելը:



Մանկապատանեկան հոգեբույժները կարող են օգնել ծնողներին եւ ընտանիքներին պարզել, արդյոք իրենց երեխան նորմալ է, թե ոչ: Նրանք սովորաբար հարցազրույց են ունենում երեխայի հետ եւ հարցնում են ծնողներին իրենց երեխաների նախկինում ունեցած հիվանդությունների եւ դրսեւորած վարքի մասին: Նրանք կարող են նաեւ հարցնել, թե ինչպիսին են ընտանիքի ներքին հարաբերությունները: Ընդհանրապես, նորածինները, երեխաները եւ դեռահասները նորմալ են, եթե նրանք, համապատասխան տարիքում, հաճույքով են՝

• սովորում, դպրոց այցելում եւ/կամ աշխատում

• շփվում ընտանիքի հետ

• շփվում ընկերների հետ

• խաղում



Ծնողներից շատերը սկզբում խնդիրը քննարկում են ընտանիքի մեկ այլ անդամի կամ ընկերոջ հետ կամ երեխայի անձնական բժշկի, դպրոցի խորհրդատուի կամ հոգեւորականի հետ, որոնք կարող են խորհուրդ տալ ծնողին դիմել մանկապատանեկան հոգեբույժի: Հոգեբույժը ուշադիր լսում է ե՛ւ ծնողներին, ե՛ւ երեխային, եւ ապա պարզում.

• երկարատեւ այն գործոնները, որոնք առաջացնում են երեխայի զարգացման խնդիրներ կամ պաշտպանում են այդ խնդիրներից:

• կարճատեւ գործոնները, որոնք երեխայի մեջ խնդիրներ են արթնացնում:

• այն գործոնները, որոնք խթանում են այս խնդիրների շարունակվելը:

• այլ բժշկական վիճակների դերը:

• դպրոցում սովորելու զուգակցումը հասարակական շփումների եւ հուզական զարգացման հետ:



Գնահատման վրա հիմնվելով, մանկապատանեկան հոգեբույժը կարող է.

• հանգստացնել ծնողներին, բացատրելով, թե ինչպես նրանք կարող են նպաստել երեխայի նորմալ զարգացմանը եւ ավելի արդյունավետ կատարել ծնողական պարտականությունները:

• առաջարկել հատուկ խմբակներ կամ կրթական ծրագրեր երեխաների կամ ծնողների համար, որոնք կնպաստեն զարգացման նորմալ գործընթացին:

• ապահովել կարճ խորհրդատվություններ՝ օգնելու համար երեխային եւ ծնողներին զարգացման հետ կապված փոքր խնդիրների, կյանքի սթրեսային իրավիճակների կամ երեխայի խառնվածքի պատճառով առաջացած խնդիրների առկայության դեպքում:



Եթե գնահատումը պարզում է, որ երեխան ունի հոգեկան խանգարում, մանկապատանեկան հոգեբույժը բուժման հատուկ պլան է նշանակում:



Ծնողները բոլորից լավ են ճանաչում իրենց երեխային եւ գիտեն, թե որն է երեխայի սովորական վիճակը: Եթե Դուք զգում եք, որ երեխան խնդիր ունի, դիմեք մասնագետի օգնությանը: Կարեւորագույնը հենց այդ առաջին քայլն է՝ իմանալ, արդյոք իրականում առկա է խնդիրը, եւ եթե այո, իմանալ, թե որոնք են Ձեր երեխային օգնելու լավագույն միջոցները: