Կնոջ բերած օժիտը դռան զանգակ է, անցուդարձ անելիս ճակատիդ կդիպչի:

ԵՐԲ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ

Դեռահաս մորից ծնված երեխաները լուրջ տեւական խնդիրներ կարող են ունենալ կյանքի տարբեր ոլորտներում՝ անհաջողություններ դպրոցում, աղքատություն, ֆիզիկական կամ մտավոր խանգարումներ: Նույն խնդիրների առաջ են կանգնած եւ դեռահաս մայրերը:



Հղիությունը դեռահաս աղջկա եւ նրա ընտանիքի համար կրիզիս է: Սովորական հակազդեցություններն են զայրույթը, մեղքի զգացումը եւ մերժումը: Եթե երեխայի հայրն էլ է երիտասարդ, նույնատիպ խնդիրներ կարող են լինել նաեւ նրա ընտանիքում:



Հղի դեռահասը կարող է անհրաժեշտ բժշկական խնամքի չդիմել եւ վտանգել առողջությունը: Հղի դեռահասները կարիք ունեն հատուկ ուշադրության, կարեկցանքի, բժշկական օգնության եւ անհրաժեշտ տեղեկության՝ մասնավորապես, կերակրման, վարակների, նյութերի չարաշահման եւ հղիության բարդությունների մասին: Նրանք նաեւ պետք է իմանան, որ ծխախոտի, ալկոհոլի եւ այլ թմրանյութերի օգտագործումը կարող է վնասել զարգացող պտուղին:



Դեռահասները հղիության վաղ շրջանից պետք է ստանան բժշկական խնամք: Կարող են պահեր լինել, երբ հղի դեռահասի հուզական հակազդեցությունները եւ հոգեվիճակը պահանջում են հոգեկան առողջության ոլորտի մասնագետի միջամտություն:



Հղի դեռահասները կարող են բազմաթիվ հուզական հակազդեցություններ ունենալ, ոմանք կարող են չցանկանալ երեխայի ծնունդը կամ այդ ցանկությունը կարող է իդեալականացված, խճճված լինել: Դեռահասը կարող է նաեւ երեխայի ծնունդը կյանքի նվաճում համարել եւ չգիտակցել բխող պատասխանատվությունները: Երեխա ունենալու ցանկությունը կարող է պայմանավորված լինել ինչ-ոչ մեկին սիրելու ցանկությամբ, բայց կինը կարող է չգիտակցել այն խնամքը, որ անհրաժեշտ է երեխային: Հաճախ դեռահասները չեն էլ սպասում, որ իրենց սիրելի բալիկը կարող է պահանջկոտ, իսկ երբեմն նաեւ նյարդայնացնող լինել:



Որոշ դեռահասների ճնշում է մեղքի, զայրույթի զգացումները եւ վախը ապագայի հանդեպ: Դեպրեսիան նույնպես տարածված է հղի դեռահասների շրջանում:



Հասուն ծնողները կարող են օգնել իրենց դեռահաս երեխաներին կանխել անցանկալի հղիությունը՝ ապահովելով նրանց անհրաժեշտ տեղեկությամբ սեքսի, նրա վտանգների, ինտիմ հարաբերությունների պատասխանատվությունների եւ հղիության հնարավորության մասին: Դեռահասից ծնված երեխան կարող է ենթակա լինել արհամարհանքի եւ վնասման, քանի որ նրա երիտասարդ մայրիկը լիովին չի պատկերացնում իր դերը եւ կարող է հոգնել երեխային անհրաժեշտ մշտական խնամքից: Հղի աղջիկներից շատերը թողնում են դպրոցը՝ երեխա ունենալու համար, դրանով իսկ կորցնելով անհրաժեշտ կրթություն ստանալու եւ հետագայում՝ հասուն տարիքում, իրենց մասին հոգալու հնարավորությունը: Ընտանեկան կյանքի եւ սեռական դաստիարակման թեմայով դպրոցական դասընթացները, ինչպես նաեւ բազմացման եւ երիտասարդների շրջանում ծննդի ղեկավարման մասին բժշկական տեղեկությունները նույնպես կարող են կանխել անցանկալի հղիությունը:



Եթե դեռահաս աղջիկը հղիանում է, նա եւ նրա ընտանիքը անկեղծ խորհրդատվության կարիք ունեն՝ քննարկելու համար հնարավոր տարբերակները, սկսած աբորտից մինչեւ ծննդաբերությունը: Անհրաժեշտ է հատուկ աջակցություն, անհրաժեշտության դեպքում՝ հոգեբույժի խորհրդակցություն, եւ այլ միջոցներ, որոնք կօգնեն դեռահասին հղիության ընթացքում, ծննդաբերելուց, եւ առաջնային որոշում ընդունելուց՝ պահե՞լ պտուղը, թե՞ ոչ: