Հիմարը միշտ առաջ է նետվում:

ՎԱՐՔԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ

“Վարքի խանգարումները” սահմանվում են որպես երեխաների մոտ վարքային եւ հուզական խնդիրների բարդացած վիճակ: Այս խանգարումներով երեխաները եւ դեռահասները մեծ դժվարություններ ունեն կանոններին հետեւելու եւ հասարակության մեջ պատշաճ կերպով իրենց պահելու մեջ: Այլ երեխաներ, դեռահասներ եւ հասարակական մարմիններ նրանց սովորաբար վերաբերվում են ավելի շուտ որպես “վատի” կամ հանցավորի, քան մտավոր հիվանդի:



Վարքային խնդիրներով երեխաները կամ դեռահասները կարող են ցուցաբերել հետեւյալ տիպի վարքագծեր.



Ագրեսիա մարդկանց եւ կենդանիների նկատմամբ.

• կռվում է, սպառնում կամ ահաբեկում է մյուսներին

• հաճախ ինքն է սկսում ֆիզիկական կռիվներ

• օգտագործում է զենք, որը կարող է ֆիզիկական լուրջ վնասներ տալ մյուսներին (օրինակ՝ փայտ, աղյուս, ջարդված շիշ, դանակ կամ ատրճանակ)

• ֆիզիկական դաժանություն է ցուցաբերում մարդկանց եւ կենդանիների նկատմամբ

• կողոպտում է զոհին՝ նրան դիմադրելիս (օրինակ՝ հարձակում)

• մեկին պարտադրում է սեռական հարաբերության



Գույքի ավերում.

• դիտավորյալ ներգրավվում է հրդեհի կազմակերպման մեջ՝ վնաս տալու մտադրությամբ

• դիտավորյալ ավերում է ուրիշների գույքը



Խորամանկություն, սուտ կամ գողություն.

• ներխուժում է ուրիշի տուն կամ ավտոմեքենա

• ստում է՝ իրեր ձեռք բերելու, շահ քաղելու կամ պարտականություններից խուսափելու համար

• գողություն է կատարում՝ առանց զոհի վրա հարձակվելու (օրինակ՝ խանութում)



Կանոնների լուրջ խախտում.

• հաճախ գիշերները տուն չի գալիս, թեեւ ծնողները դեմ են

• փախչում է տնից

• հաճախ բացակայում է դպրոցից



Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս երեխաների ապագան կարող է շատ ապերջանիկ լինել, եթե նրանք եւ նրանց ընտանիքները վաղ, շարունակական եւ բազմակողմանի բժշկական օգնություն չստանան: Առանց բուժվելու վարքի խանգարումներով երեխաները ի վիճակի չեն լինի հարմարվելու հասուն կյանքի պայմաններին եւ կշարունակեն խնդիրներ ունենալ մարդկանց հետ հարաբերություններում եւ աշխատանք գտնելիս: Նրանք հաճախ օրենք են խախտում կամ հակահասարակական վարք են ունենում: Վարքի խանգարումով շատ երեխաներ կարող են նաեւ դեպրեսիայի մեջ լինել կամ ուշադրության պակասի խանգարում ունենալ:



Կան մի շարք գործոններ, որոնք կարող են վարքի զարգացող խանգարման պատճառ դառնալ, օրինակ՝ ուղեղի վնասվածք, բռնություն երեխայի նկատմամբ, խախտումներ աճի եւ զարգացման մեջ, անհաջողություններ դպրոցում, բացասական մթնոլորտ ընտանիքում կան հասարակության մեջ: Երեխայի “վատ” վարքը ուրիշների մոտ բացասական հակազդեցություն է ունենում, ինչը ստիպում է երեխային էլ ավելի “վատ” պահել իրեն:



Վարքի խանգարումով երեխայի բուժումը դժվար է, որովհետեւ հիվանդության պատճառները կոմպլեքս բնույթ են կրում եւ ամեն երեխայի մոտ կարող են հատուկ լինել: Բուժումը կարող է իրականացվել բուժման պլանի բազմաթիվ միջոցներով, կախված վարքային խանգարումների բարդության աստիճանից: Բուժման գործընթացը էլ ավելի են դժվարացնում երեխայի մոտ բուժմանը մասնակցելու ցանկության բացակայությունը, վախը եւ ծնողների անվստահությունը: Բազմակողմանի բուժման պլան կազմելու համար մանկապատանեկան հոգեբույժը կարող է օգտագործել այլ մասնագետներից, երեխայից, նրա ընտանիքի անդամներից, ուսուցիչներից հավաքած տեղեկությունները՝ խանգարման պատճառները բացահայտելու համար:



Վարքային թերապիան եւ հոգեթերապիան սովորաբար օգնում են երեխային արտահայտել եւ կառավարել սեփական զայրույթը: Բուժիչ կրթությունը կարող է անհրաժեշտ լինել ուսման անընդունակությամբ երեխային: Հաճախ ծնողները կարիք են ունենում մասնագիտական աջակցության՝ տանը եւ դպրոցում հատուկ կրթական ծրագրերի ընտրության եւ իրականացման գործում: Որոշ դեպքերում, օրինակ՝ ուշադրությունը դժվար կենտրոնացնող, շարժումները չկառավարող կամ վարքի խանգարումներին առնչվող դեպրեսիայի մեջ գտնվող երեխաների համար, բուժման պլանի մեջ կարող է նաեւ մտնել դեղորայքային բուժումը:



Բուժումը սովորաբար երկար է տեւում, քանի որ նոր վարքագծեր ձեւավորելը քիչ ժամանակ չի պահանջում: Այնուամենայնիվ, բուժումը լավ հնարավորություն է առաջարկում վիճակի զգալի բարելավման համար ներկայում եւ ավելի լավ ապագայի հույս է ներշնչում: