Խաղի վերջում կպարզվի հաղթողն ով է:

ԳԻՇԵՐԱՄԻԶՈՒԹՅՈՒՆ

Երեխաների մեծ մասը երեք տարեկան հասակից այլեւս չեն միզում գիշերները: Երբ երեխան խնդիր ունի գիշերամիզության (էնուրեզի) հետ, ծնողները պետք է անհանգստանան:



Բժիշկները նշում են, որ էնուրեզը հիվանդություն չէ, այլ ախտանիշ, եւ բավականին տարածված: Կարող են եւ պատահել գիշերամիզության հատուկենտ դեպքեր, հատկապես երբ երեխան հիվանդ է: Գիշերամիզության մասին ծնողները պետք է որոշ տեղեկություն ունենան.

• Երեք տարեկանից հետո էլ երեխաների մոտ 15%-ը դեռ միզում է գիշերները անկողնում:

• Ավելի շատ տղաները, քան աղջիկներն ունեն գիշերամիզություն:

• Գիշերամիզությունն անցնում է գեներով:

• Սովորաբար գիշերամիզությունը դադարում է սեռական հասունության շրջանում:

• Գիշերամիզող երեխաներից շատերը հուզական խնդիրներ չունեն:



Երեք կամ չորս տարեկանից հետո չդադարող գիշերամիզությունը հազվադեպ է մատնանշում երիկամների եւ միզապարկի խնդրի վրա: Գիշերամիզությունը երբեմն նշանակում է քնի խախտման առկայություն: Դեպքերի մեծամասնությունում բանը կայանում է երեխայի միզապարկի կառավարման սովորականից դանդաղ զարգացման մեջ: Գիշերամիզությունը կարող է նաեւ երեխայի լարվածության եւ հույզերի արդյունք լինել, ինչը պետք է անուշադրության չմատնել:



Գիշերամիզության հուզական պատճառները բազմազան են: Օրինակ, երբ համեմատաբար մեծ երեխան սկսում է գիշերները միզել անկողնում մի քանի ամիս կամ տարի դադարից հետո, սա կարող է նշանակել անապահովության նոր վախեր: Սրան կարող են նախորդել որոշ փոփոխություններ կամ իրադարձություններ, որոնք ստիպել են երեխային անապահով զգալ իրեն, օրինակ՝ տեղափոխություն նոր միջավայր, ընտանիքի անդամի կամ մոտ մարդու կորուստ, կամ հատկապես տանը նոր երեխայի հայտնվելը: Երբեմն երկար ժամանակ դադարից հետո գիշերամիզության սկսվելը կարող է պայմանավորված է լինել նրանով, որ զուգարան գնալը չափազանց ճնշող կամ սթրեսային է երեխայի համար:



Ծնողները պետք է հիշեն, որ երեխաները հազվադեպ են դիտավորյալ միզում անկողնում, եւ որ սովորաբար ամաչում են իրենց հետ պատահած այդ դեպքից: Երեխային մեղադրելու կամ ամաչացնելու փոխարեն, ծնողները պետք է քաջալերեն երեխային եւ հավատ ներշնչեն, որ նա շուտով այլեւս կդադարի գիշերները միզելուց: Երբեմն բժիշկի խորհուրդը շատ օգտակար է լինում:



Ստորեւ զետեղված են այն ձեւերը, որոնցող ծնողները կարող են օգնել իրենց երեխաներին.

• Քնելուց առաջ սահմանափակել երեխայի շատ հեղուկ խմելը:

• Համոզել երեխային քնելուց առաջ գնալ զուգարան:

• Գովալ երեխային գիշերը չմիզելու դեպքում:

• Խուսափել պատժելուց:

• Արթնացնել երեխային գիշերը, որպեսզի դատարկի միզապարկը:



Քիչ է պատահում, երբ գիշերամիզության խնդիրը չի լուծվում ծնողների, հոգեբանի կամ մանկաբույժի կողմից: Երբեմն երեխան կարող է նաեւ ունենալ հուզական խնդիրների ախտանիշներ, օրինակ՝ մշտական տխրություն կամ դրյուրագրգիռություն, ուտելու կամ քնելու սովորությունների փոփոխություն: Այս դեպքերում ծնողները կցանկանան խորհրդակցել մանկապատանեկան հոգեբույժի հետ, որը կգնահատի գիշերամիզության պատճառ հանդիսացող ֆիզիկական եւ հուզական խնդիրները եւ կաշխատի երեխայի եւ ծնողների հետ՝ այս խնդիրները լուծելու համար: Երեխաների մոտ գիշերամիզության բուժումը ներառում է վարքը պայմանավորող միջոցները (տակդիր/զանգ) եւ/կամ դեղամիջոցներ: Օգտագործվող դեղորայքի օրինակներ են հակամիզամուղ հորմոնալ քթի կաթիլները եւ հակադեպրեսանտ Իմիպրամին դեղը: