Աչքը ինչ տեսնի, այն կանի:

ՈՐԴԵԳՐԱԾ ԵՐԵԽԱՆ

Ամեն տարի ԱՄՆ-ում որդեգրվում է մոտավորապես 120.000 երեխա: Ֆիզիկական, հուզական կամ զարգացման արատներով երեխաները, որոնք առաջ համարվում էին որդեգրմանը ոչ ենթակա, այժմ որդեգրվում են (“որդեգրումներ հատուկ կարիքներով”): Որդեգրումն օգնում է այս երեխաներից շատերին մեծանալ մշտական ընտանիքներում՝ մանկանոցների կամ նման հաստատությունների փոխարեն:



Երեխա որդեգրած ծնողները տարակոսում են, թե երբ եւ ինչպես ասել երեխային, որ նա որդեգրված է, եւ, առհասարակ, ասել, թե ոչ: Նրանք նաեւ ցանկանում են իմանալ, ունենում են, արդյոք, որդեգրված երեխաները հատուկ խնդիրներ:



Մանկապատանեկան հոգեբույժները խորհուրդ են տալիս երեխային որդեգրած ծնողներին ասել նրան այդ մասին, եւ անել դա երեխային հասկանալի եղանակով:



Երկու տարբեր տեսանկյուններ կան, թե երբ ասել երեխային այն մասին, որ նա որդեգրված է: Մասնագետներից շատերը վստահ են, որ երեխային պետք է ասել այդ մասին որքան հնարավոր է վաղ հասակում: Այս մոտեցումը երեխային հնարավորություն է տալիս ավելի շուտ ընդունել եւ համակերպվել □որդեգրված□ լինելու մտքի հետ: Այլ մասնագետներ գնտում են, որ երեխային այդ մասին շուտ տեղեկացնելը կարող է շփոթվածություն առաջացնել նրա մոտ, որը դեռ ի վիճակի չէ լիովին հասկանալ այդ տեղեկությունը: Այս մասնագետները խորհուրդ են տալիս սպասել մինչեւ երեխան մեծանա:



Յուրաքանչյուր դեպքում երեխան պետք է տեղեկանա իր որդեգրված լինելու մասին իր իսկ ծնողներից: Այսպես նա կարող է իմանալ, որ որդեգրված լինելը լավ բան է, եւ որ երեխան կարող է վստահել ծնողներին: Եթե երեխային այդ մասին առաջին անգամ դիտավորյալ ասում են ուրիշները, կամ նա պատահաբար է իմանում այդ մասին, երեխան կարող է զայրանալ եւ վստահությունը կորցնել ծնողների նկատմամբ եւ դիտել որդեգրումը որպես բացասական կամ ամոթալի փաստ, քանի որ մինչ այդ դա գաղտնիք էր:



Որդեգրված երեխաները կարող են ցանկանալ խոսել այդ մասին, եւ ծնողները պետք է հավանություն տան դրան: Գրախանութներում եւ գրադարաններում մատչելի են բազմաթիվ հրաշալի պատմություններով մանկական գրքեր, որոնք կարող են օգնել ծնողներին պատմել երեխային իր որդեգրված լինելու մասին: Այս տեղեկությունն ստանալուց հետո երեխաների արձագանքի մեծ բազմազանություն գոյություն ունի: Նրանց զգացմունքները եւ հակազդեցությունը կարող են տարբեր լինել՝ կախված տարիքից եւ հասունության աստիճանից: Երեխան կարող է հերքել այդ փաստը կամ ստեղծել երեւակայություններ այդ կապակցությամբ: Հաճախ որդեգրված երեխաները հանգում են այն համոզմունքի, թե լքվել են իրենց վատը լինելու պատճառով, կամ կարող են կարծել, թե իրենց փախցրել են: Եթե ծնողները պարզ եւ ազատ խոսեն երեխայի որդեգրության մասին եւ ներկայացնեն այն դրական լույսի ներքո, նման անհանգստությունները երեխայի մեջ չեն ձեւավորվի:



Բոլոր դեռահասները անցնում են իրենց ինքնահաստատման պայքարի միջով, ցանկանալով պարզել, թե որքանով են համապատասխան իրենց ընտանիքին, իրենց հասակակիցներին եւ մնացած աշխարհին: Այս պայքարը կարող է էլ ավելի դժվար լինել այլ երկրներից եւ մշակույթներից որդեգրված երեխաների համար: Դեռահաս տարիքում երեխան կարող է ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերել իր իրական ծնողների հանդեպ: Այս բաց հետաքրքրությունն անբնական չէ եւ չի նշանակում, որ երեխան մերժում է իրեն որդեգրած ծնողներին: Որոշ դեռահասներ կարող են ցանկանալ իմանալ իրենց իրական ծնողների ինքնության մասին: Որդեգրած ծնողները կարող են երեխային հասկացնել, որ միանգամայն բնական է նման հետաքրքրություն ունենալ եւ հարցուփորձ անել, եւ հարցնելիս նրանք պետք է ամենայն զգացողությամբ եւ աջակցությամբ երեխային տան ամբողջ առկա տեղեկությունը իրական ընտանիքի մասին:



Երեխա որդեգրած ծնողները հաճախ հարցեր են ունենում, թե ինչպես վարվել որդեգրման որոշ հանգամանքներում: Այս ծնողները ունեն հոգեբույժ մասնագետների աջակցության կարիք:



Որդեգրված երեխաներից ոմանք կարող են ունենալ հուզական եւ վարքային խնդիրներ: Այս խնդիրների պատճառը կարող է ընկած լինել անապահովության զգացումի կամ որդեգրված լինելու փաստին առնչվող փաստերի մեջ: Եթե ծնողները անհանգստացած են, նրանք պետք է դիմեն մասնագիտական օգնության: Նույնը պետք է անեն որդեգրությունից մտահոգված երեխաները: Մանկապատանեկան հոգեբույժը կարող է օգնել ծնողներին եւ երեխային որոշել, արդյոք ունեն նրանք մասնագիտական միջամտության կարիք, թե ոչ: