Լավ դատավորը հասկանում է արագ, բայց դատում է դանդաղ:

ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նոր վայր տեղափոխվելը կարող է ընտանիքում սթրես առաջացնող ամենամեծ պատճառը լինել: Հաճախակի տեղափոխությունները կամ անգամ եղակի տեղափոխությունը կարող է հատկապես ծանր անդրադառնալ երեխաների եւ դեռահասների վրա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հաճախակի տեղափոխվող երեխաները ավելի մեծ հավանականությամբ են խնդիրներ ունենում դպրոցում: Տեղափոխություններն էլ ավելի դժվարանում են, եթե ուղեկցվում են երեխայի կյանքում այլ կարեւոր փոփոխություններով, ինչպիսին են մահը, ամուսնալուծությունը, ընտանիքի ֆինանսական դրության անկումը կամ դպրոցը փոխելու անհրաժեշտությունը:



Տեղափոխությունները ընդհատում են ընկերությունը: Երեխային նոր դպրոցում կարող է թվալ, թե բոլորն արդեն ունեն լավագույն ընկերներ կամ ապահով ներգրավված են հասակակից ընկերների խմբի մեջ: Երեխան պետք է ընտելանա նոր գրաֆիկին եւ ուսումնական ծրագրին, եւ կարող է առաջադիմել որոշ առարկաներում եւ ետ մնալ մյուսներում: Այս իրավիճակը կարող է սթրես հանդիսանալ երեխայի համար կամ անհանգստության եւ ձանձրույթի աղբյուր դառնալ:



Մսուր մանկապարտեզի տարիքի կամ առաջին դասարանի երեխաները կարող են հատկապես խոցելի լինել ընտանեկան տեղափոխությունների ժամանակ, քանի որ իրենց զարգացման առումով նրանք իրենց ծնողներից առանձնանալու եւ նոր հասարակական հարաբերություններին ընտելանալու ընթացքի մեջ են: Տեղափոխությունը կարող է միջամտել բաժանման այդ բնական ընթացին, ստիպելով երեխային ծնողներից ավելի կախյալ վիճակի մեջ ընկնել:



Ընդհանրապես, որքան մեծ է երեխան, այնքան ավելի դժվար է նա տանում տեղափոխությունը՝ հասակակիցների խմբի մեծացող կարեւորության պատճառով: Ավելի հասուն երեխաները եւ դեռահասները կարող են բողոքել տեղափոխության դեմ կամ խնդրել ծնողներին մնալ իրենք քաղաքում, որեւէ ընկերոջ ընտանիքի հետ: Որոշ երեխաներ կարող են թաքցնել իրենց վիշտը, այնպես որ ծնողները պետք է իրազեկ լինեն դեպրեսիայի նախանշաններին, օրինակ՝ ախորժակի կորուստ, հասարակությունից քաշվածությունը, դպրոցում դնահատականների ցածրացումը, դյուրագրգիռություն, քնի խանգարումներ կամ այլ անհանգստացնող փոփոխություններ երեխայի վարքի կամ տրամադրության մեջ:



Տեղափոխությունից վշտացած երեխաները կարող են ավելի շուտ հակազդել իրենց ապրած սթրեսին, քան բուն տեղափոխությանը: Երբեմն ծնողներից մեկը կարող է դեմ լինել տեղափոխությանը, եւ երեխան կգիտակցի եւ կհակազդի ծնողների տարաձայնությանը:



Եթե երեխայի մոտ նկատվում են դեպրեսիայի կամ վշտի կայուն նախանշաններ, ծնողները կարող են դիմել իրենց ընտանեկան բժշկին, մանկաբույժին կամ տեղական բժշկական համայնքին, որտեղից նրանց կուղարկեն մանկապատանեկան հոգեբույժի մոտ: Հոգեբույժը կարող է գնահատել եւ լուծել սթրեսային վիճակից ծագած երեխայի հուզական խնդիրները եւ օգնել ծնողներին հեշտացնել տեղափոխության գործընթացը ողջ ընտանիքի համար:



Տեղափոխությունը երեխաների համար հեշտացնելու նպատակով ծնողները կարող են նախաձեռնել հետեւյալ քայլերը.

• Պարզ բացատրել երեխային, թե ինչու է անհրաժեշտ տեղափոխությունը:

• Որքան հնարավոր է լավ ծանոթացնել երեխային նոր վայրին քարտեզների, նկարների կամ տեղեկագրերի օգնությամբ:

• Բացատրել նոր վայրի առավելությունները, որոնք երեխային դուր կգան, օրինակ՝ լճի, սարի կամ ժամանցի պարտեզի առկայութունը:

• Տեղափոխությունից հետո երեխաների հետ ներգարվվել տեղական եկեղեցական, սկաուտների, երիտասարդների քրիստոնեական միության մեջ:

• Եթե երեխաները դպրոցի վերջին դասարանի աշակերտներ են, մտածեք նրանց վստահելի ընտանիքում թողնելու մասին, մինչեւ դպրոցական տարվա վերջը:

• Թույլ տվեք երեխային մասնակցել իր սենյակի դասավորությանը եւ կահավորմանը:

• Օգնեք երեխաներին կապ պահպանել նախկին հարեւանության իրենց ընկերների հետ հեռախոսակապի, նամակների, էլեկտրոնային փոստի եւ անձնական այցելությունների միջոցով:



Որքան ավելի հաճախ է ընտանիքը տեղափոխվում, այնքան կարեւոր է դառնում ներքին հավասարակշռության անհրաժեշտությունը: Ծնողների կողմից պատշաճ ուշադրության եւ անհրաժեշտության դեպքում մասնագիտական օգնության պայմաններում տեղափոխությունը կարող է դրական գործոն հանդիսանալ երեխայի զարգացման համար, տանելով դեպի ավելի մեծ ինքնավստահության եւ այլ մարդկանց հետ հարաբերություններ հաստատելու հեշտացման: