Ուժով բացած վարդը հոտ չի ունենա:

ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՎ ՎԻՇՏԸ

Երբ ընտանիքի անդամներից մեկը մահանում է, երեխաները այնպես չեն արձագանքում դրան, ինչպես չափահասները: Նախադպրոցական տարիքի երեխաները կարծում են, թե մահը ժամանակավոր է եւ դարձելի, մի կարծիք, որը հիմնված է մուլտֆիլմերի վրա, որոնց հերոսները մահանում եւ նորից կենդանանում են: 5-9 տարեկան երեխաներն սկսում են արդեն մեծահասակների պես մտածել մահվան մասին, սակայն դեռեւս կարծում են, որ դա երբեք չի պատահի ո՛չ իրենց եւ ո՛չ էլ իրենց շրջապատող մարդկանցից որեւէ մեկի հետ:



Եղբոր, քրոջ կամ ծնողի մահվան հետ կապված երեխայի շոկը եւ շփոթված վիճակը էլ ավելի են սրվում, եթե ընտանիքի մնացած անդամները այնքան են ցնցված, որ ի վիճակի չեն կատարել իրենց նորմալ պարտականությունները երեխայի նկատմամբ:



Ծնողները պետք է իմանան, թե ինչպես են երեխաները արձագանքում ընտանիքի անդամի մահվանը, եւ թե երբ է պետք կասկածել, որ երեխան չի կարողանում հաղթահարել վիշտը:



Մասնագետները համարում են երեխայի վարքը նորմալ, երբ մահվանը հաջորդող շաբաթների ընթացքում նա վշտացած է կամ շարունակում է պնդել, որ ընտանիքի մահացած անդամը դեռեւս կենդանի է: Այնուամենայնիվ, երկար ժամանակ մահվան փաստը ժխտելը եւ վշտից խուսափելը անառողջ երեւույթներ են եւ ավելի ուշ կարող են լուրջ խնդիրներ առաջացնել:



Եթե երեխան վախենում է գնալ թաղմանը, պետք չէ նրան ստիպել: Սակայն հանգուցյալին այս կամ այն կերպ հիշատակելը, օրինակ, մոմ վառելով, աղոթք ասելով, նկարների ալբոմը թերթելով կամ նրա մասին պատմելով, կարող են օգտակար լինել:



Մահվան փաստն ընդունելուց հետո երեխաները կարող են ժամանակ առ ժամանակ ցույց տալ իրենց վիշտը, երբեմն շատ ասնպասելի պահերին: Ընտանիքի մյուս անդամները պետք է հնարավորին չափ երկար ժամանակ անցկացնեն երեխայի հետ եւ թույլ տան նրան ազատորեն արտահայտել զգացմունքները:



Մահացած ազգականը կարեւոր է երեխայի աշխարհի կայունության համար, եւ բարկությունը բնական արձագանք է: Բարկությունը կարող է երեւալ չարաճճի խաղերում, գիշերային մղձավանջներում, բարկացկողտության կամ այլ վարքի միջոցով: Երեխայի բարկությունը հաճախ ուղղված է լինում ընտանիքի ողջ մնացած անդամների դեմ:



Ծնողի մահից հետո երեխան կարող է իրեն պահել իր տարիքից փոքր երեխայի նման: Նա կարող է ժամանակավորապես ավելի ինֆանտիլ դառնալ, պահանջել, որ իրեն կերակրեն, ուշադրության եւ գգվանքի կարիք զգալ եւ փոքր երեխայի նման խոսել: Ավելի փոքր տարիքի երեխաները հաճախ համոզված են լինում, որ ազգականը մահացավ, որովհետեւ երեխան մի անգամ բարկության պահին ցանկացել է, որ այդպես լինի, եւ ահա ցանկությունն իրականացել է, ինչի համար երեխան իրեն է մեղադրում:



Երեխաները, որոնք վշտի եւ կորստի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, դրսեւորում են հետեւյալ վարքը.

• ընկնում են երկարատեւ ընկճված վիճակի մեջ եւ կորցնում հետաքրքրությունը առօրյա գործերի նկատմամբ

• չեն կարողանում քնել, ախորժակ չեն ունենում կամ վախենում են մենակ մնալուց

• երկար ժամանակ իրենց պահում են ավելի փոքր երեխայի պես

• չափից դուրս շատ են նմանակում մահացած ազգականին

• անընդհատ պնդում են, որ ուզում են միանալ հանգուցյալին

• ինքնամփոփ են, չեն շփվում ընկերների հետ

• կտրուկ կերպով գցում են առաջադիմությունը դպրոցում կամ հրաժարվում են դպրոց գնալուց:



Այս նշանների դեպքում կարող է պահանջվել մասնագետի օգնություն: Մանկապատանեկան հոգեբույժը կարող է նպաստել, որ երեխան ընդունի մահվան փաստը, եւ բացատրել ընտանիքի անդամներին, թե նրանք ինչպես կարող են օգնել երեխային հաղթահարել վիշտը: