Բաց դուռը սրբին էլ կարող է գայթակղել:

ԵՐԵԽԱՆԵՐ, ՈՐՈՆՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԿԵՆՏՐՈՆԱՆԱԼ

Ծնողները հաճախ բարկանում են, երբ երեխայի ուսուցիչները բողոքում են, թե երեխան չի լսում ուսուցչին կամ խանգարում է դասը: Այսպիսի վարքի պատճառներից մեկը ուշադրության պակասը եւ գերակտիվությունն է (ADHD):



Չնայած ուշադրության պակասով եւ գերակտիվությամբ տառապող երեխան ցանկանում է լավ սովորել, նրա իմպուլսիվ վարքի եւ ուշադրությունը կենտրոնացնելու հետ կապված դժվարությունները հաճախ խոչընդոտում են դրան: Ուսուցիչները, ծնողները եւ ընկերները գիտեն, որ երեխան □իրեն վատ է պահում□ կամ □տարբերվում է մյուսներից□, սակայն չեն կարող ստույգ ասել, թե ինչումն է բանը:



Ցանկացած երեխա կարող է անուշադիր, ցրված, իմպուլսիվ կամ գերակտիվ լինել, սակայն ուշադրության պակասով եւ գերակտիվությամբ տառապող երեխաների մոտ այս նշաններն ու վարքագիծը ավելի ուժեղ են արտահայտված եւ ավելի հաճախ են նկատվում, քան նույն տարիքի կամ զարգացման մակարդակի վրա գտնվող այլ երեխաների մոտ: Ուշադրության պակասն ու գերակտիվությունը հանդիպում է դպրոցական հասակի երեխաներից 3-5%-ի մոտ: Ուշադրության պակասն ու գերակտիվությունը պետք է սկսվի մինչեւ 7 տարեկանը եւ կարող է շարունակվել նաեւ չափահաս տարիքում: Ուշադրության պակասն ու գերակտիվությունը փոխանցվում է գեներով, եւ ծնողների մոտ 25%-ը նույնպես ունեն այս խնդիրը:



Ուշադրության պակասով եւ գերակտիվությամբ տառապող երեխան հաճախ ցուցաբերում է հետեւյալ նշանները.

• դժվարանում է ուշադրությունը կենտրոնացնելիս

• անուշադիր է մանրուքների նկատմամբ եւ անուշադրության սխալներ է թույլ տալիս

• հեշտությամբ է շեղվում

• կորցնում է դպրոցական իրերը, մոռանում է հանձնել տնային աշխատանքը

• դժվարանում է ավարտին հասցնել դասարանային եւ դպրոցական աշխատանքները

• դժվարանում է ունկնդրելիս

• դժվարանում է բազմաթիվ հրահանգներ կատարելիս

• կցկտուր պատասխաններ է տալիս

• անհամբեր է լինում

• ջղակծկումներ է ունենում կամ գալարվում է

• թողնում է իր նստարանը եւ վազվզում է այս ու այն կողմ

• միշտ փշերի վրա է

• չափազանց շատ է խոսում եւ չի կարողանում հանգիստ խաղալ

• միջամտում է ուրիշների խոսքին կամ գործերին



Ուշադրության պակասի եւ գերակտիվության նշանների դեպքում երեխային բազմակողմանի հետազոտություն է հարկավոր, քանի որ նա կարող է նաեւ այլ հոգեկան խանգարումներ ունենալ, օրինակ՝ վարքի խանգարումներ, անհանգստություն, դեպրեսիա կամ մանիակալ-դեպրեսիվ խանգարում:



Առանց պատշաճ բուժման կարող են տուժել երեխայի ուսումն ու ընկերական հարաբերությունները: Երեխայի կյանքում անհաջողություններն ավելի շատ են, քան հաջողությունները, այդ իսկ պատճառով ծնողներն ու ուսուցիչները հաճախ քննադատում են նրան՝ չհասկանալով, որ առկա է առողջական խնդիր:



Հետազոտությունները ցույց են տալիս, որ դեղամիջոցները կարող են օգնել այդ դեպքում: Խթանող դեղամիջոցները, ինչպիսիք են մեթիլֆենիդատը, դեքստրոամֆետամինը եւ պեմոլինը, կարող են բարելավել ուշադրությունը, կենտրոնացումը, նպատակաուղղված վարքը եւ կազմակերպչական ունակությունները: Գուանֆացինը, կլոնիդինը եւ որոշ հակադեպրեսանտներ նույնպես կարող են օգտակար լինել:



Բուժական միջոցառումները կարող են ներառել նաեւ ճանաչողական-վարքային բուժում, մարդկանց հետ շփվելու ունակությունների վարժեցում, աշխատանք ծնողների հետ եւ երեխայի կրթական ծրագրի վերափոխում: Վարքագծային բուժումը կօգնի երեխային վերահսկել ագրեսիան եւ ձեռք բերել շփվելու ունակություններ: Ճանաչողական բուժումը կնպաստի երեխայի բարձր ինքնագնահատմանը, կսակավեցնի բացասական մտքերը եւ կբարելավի խնդիրներ լուծելու ունակությունները:



Ծնողները կարող են սովորել, թե ինչպես կարելի է ղեկավարել երեխային՝ կարգադրությունները մեկ առ մեկ եւ ոչ թե միասին տալով: Կրթական ծրագրերի վերափոխումը կարող է ուղղված լինել ուշադրության պակասի ու գերակտիվության եւ ուսման հետ կապված այլ դժվարությունների դեմ:



Երեխան, որի ուշադրության պակասը եւ գերակտիվությունը ախտորոշվել է եւ որը պատշաճ բուժում է ստացել, կարող է շատ հաջողակ եւ արդյունավետ կյանք ունենալ: Եթե երեխայի մոտ ուշադրության պակասի եւ գերակտիվության նշաներ են նկատվում, ապա ծնողները պետք է խնդրեն իրենց մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին՝ իրենց ուղարկել մանկապատանեկան հոգեբույժի մոտ, որը կարող է ախտորոշել եւ բուժել այս վիճակը: