Լավ է նվիրել մի շիլինգ, քան կես կրոն պարտք տալ:

ԱՍՊԵՐԳԵՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Ասպերգերի խանգարումը սահմանում է զարգացման պերվեզիվ խանգարման մի տեսակ, որը բնութագրվում է հասարակական հմտությունների եւ վարքի զարգացման հետ կապված խնդիրներով: Անցյալում Ասպերգերի խանգարումով շատ երեխաների ախտորոշել են որպես աուտիզմով կամ այլ զարգացման պերվեզիվ խանգարումներով հիվանդ երեխաները: Թեեւ աուտիզմը եւ Ասպերգերի խանգարումն ունեն որոշ ընդհանրություններ, ակնհայտ են նաեւ բազմաթիվ կարեւոր տարբերություններ: Այդ պատճառով էլ համապատասխան ախտանշներ ունեցող երեխաներին անհրաժեշտ է մանրազնին գնահատում:



Ընդհանրապետ, Ասպերգերի խանգարումով երեխան ավելի բարձր մակարդակի վրա է գործում, քան աուտիզմով տառապողը: Օրինակ, Ասպերգերի խանգարումով երեխաներից շատերը ունենում են նորմալ մտավոր կարողություններ: Մինչ դեռ աուտիզմով տառապող երեխաները դժվարանում կամ առհասարակ չեն կարողանում խոսելու հմտություններ զարգացնել, Ասպերգերի խանգարումով երեխաները սովորաբար երկու տարեկանից սկսում են բառեր արտաբերել, թեեւ նրանց խոսելը կարող է տարբերվել նորմալ երեխայի խոսելուց:



Ասպերգերի խանգարումով երեխաների մեծ մասը խնդիրներ ունեն իրենց հասակակիցների հետ շփվելիս: Նրանք նախընտրում են մեկուսանալ եւ կարող են արտառոց վարք ցուցաբերել: Ասպերգերի խանգարումով երեխան, օրինակ, կարող է մի ամբողջ օր անցկացնել՝ իրենց փողոցով անցնող ավտոմեքենաները հաշվելով կամ հեռուստատեսությամբ միայն եղանակ հայտնող ծրագրեր դիտելով: Ասպերգերի խանգարումով երեխաներին բնորոշ է նաեւ դժվարությամբ կենտրոնանալը: Այս երեխաներն ունեն հատուկ կրթական պահանջներ:



Թեեւ Ասպերգերի խանգարման պատճառը բացահայտված չէ, ներկայիս հետազոտությունները ցույց են տալիս, որ այս հիվանդությունը կարող է փոխանցվել գեներով: Ասպերգերի խանգարումով երեխաները նաեւ վտանգված են այլ հոգեկան հիվանդություններ կամ խանգարումներ ունենալ, ինչպիսին են դեպրեսիան, ուշադրության պակասի խանգարումը, շիզոֆրենիան եւ կպչուն-սեւեռուն խանգարումը:



Աուտիզմի եւ Ասպերգերի խանգարման տիպի զարգացման պերվեզիվ խանգարումները գնահատում են մանկապատանեկան հոգեբույժները: Բուժման համապատասխան եւ արդյունավետ պլան կազմելու համար նրանք աշխատում են ընտանիքների հետ: Ներկայումս բուժման լավագույն մեթոդն է հոգեթերապիայի, հատուկ կրթական ծրագրի, վարքի փոփոխության եւ ընտանիքներին աջակցելու ծրագրերի համակցությունը: Ասպերգերի խանգարումով որոշ երեխաների օգնում է նաեւ դեղորայքը:



Ասպերգերի խանգարումով երեխաների բուժումը սովորանար ավելի արդյունավետ է լինում, քան աուտիզմով տառապող երեխաներինը: Շնորհիվ իրենց մտավոր ունակությունների ավելի բարձր մակարդակի, այս երեխաներից շատերը հաջողությամբ ավարտում են դպրոցը եւ ընդունվում բարձրագույն ուսումնական հաստատություններ: Թեեւ հասարակության հետ շփվելու խնդիրները չեն վերանում, նրանք կարողանում են երկարատեւ կապեր հաստատել ընտանիքի եւ ընկերների հետ: