Հագուստը մարդուն քելք կբերի, կինը մարդուն խելք կբերի:

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՀՈԳԵԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Հուզական կամ վարքային խնդիրներով երեխայի կամ դեռահասի համար շատ կարեւոր է մանկապատանեկան հոգեբույժի գնահատումը: Հուզական եւ վարքային լուրջ խնդիրներով երեխաների կամ դեռահասների մեծամասնությունը կարիք ունեն բազմակողմանի հոգեկան գնահատման:



Բազմակողմանի հոգեկան գնահատումները սովորաբար երեխայից, ծնողներից եւ ընտանիքից պահանջում են մի քանի ժամ եւ այցելություններ մեկից ավելի բժշկական սենյակներ: Ծնողների թույլատվությամբ անհրաժեշտության դեպքում հոգեբույժը կարող է կապվել այլ կարեւոր անձանց հետ (օրինակ՝ ընտանեկան բժշկի, դպրոցական անձնակազմի կամ ազգականների):



Բազմակողմանի գնահատման մեջ հիմնականում մտնում է հետեւյալը.

• Առկա խնդիրների եւ ախտանիշների նկարագրություն

• Տեղեկություն առողջության, հիվանդության եւ բուժման մասին (ե’ւ ֆիզիկական, ե’ւ հոգեկան)

• Ծնողների եւ ընտանիքի պատմությունը

• Տեղեկություն երեխայի զարգացման մասին

• Տեղեկություն դպրոցի եւ ընկերների մասին

• Տեղեկություն ընտանեկան հարաբերությունների մասին

• Երեխայի կամ դեռահասի հոգեբանական հարցազրույց

• Անհրաժեշտության դեպքում լաբորատոր ստուգումներ, ինչպիսին են արյան անալիզ, ռենտգեն կամ հատուկ տեստեր (օրինակ՝ հոգեբանական, կրթական, խոսակցական եւ լեզվական գնահատումներ)



Ապա մանկապատանեկան հոգեբույժը կատարում է ձեւակերպում: Ձեւակերպումը նկարագրում է երեխայի խնդիրները եւ տալիս դրանց բացատրությունը երեխային եւ ծնողներին հասկանալի տերմինալոգիայով: Ձեւակերպման մեջ համակցված են խնդրի բիոլոգիական, հոգեբանական եւ հասարակական կողմերը՝ զարգացման պահանջներով, խնդրի պատմությամբ եւ երեխայի կամ դեռահասի ուժեղ կողմերով եւ ընդունակություններով:



Առանձին ժամանակ է տրամադրվում ծնողների եւ երեխայի հարցերին պատասխանելու համար: Ծնողները սովորաբար երեխային բերում են գնահատման իրենց մտահոգող բազմաթիվ հարցերով, որոնցից են.

• Իմ երեխան նորմա՞լ է: Ես նորմա՞լ եմ: Ե՞ս եմ մեղավոր երեխայի խնդրի մեջ:

• Ես անիմա՞ստ եմ անհանգստանում:

• Դուք կարո՞ղ եք մեզ օգնել: Դուք կարո՞ղ եք օգնել իմ երեխային:

• Իմ երեխան բուժման կարի՞ք ունի: Ես բուժման կարիք ունե՞մ:

• Ինչո՞ւմն է բանը: Ո՞րն է ախտորոշումը:

• Ի՞նչ խորհուրդ կտաք: Ինչպե՞ս կարող է ընտանիքն օգնել երեխային:

• Որքա՞ն կարժենա բուժումը եւ որքա՞ն ժամանակ այն կպահանջի:



Ծնողներին ամենից հաճախ անհանգստացնում է այն, թե որն է իրենց դերը գնահատման պրոցեսում: Մանկապատանեկան հոգեբույժը կօգնի եւ կաջակցի ընտանիքին, կսովորեցնի ծնողներին չմեղադրել իրենց երեխայի խնդրի մեջ: Նա կլսի բոլոր բողոքները, անհանգստությունները եւ կօգնի երեխային/դեռահասին եւ նրա ընտանիքին իրենց համար սահմանել գնահատման ուժեղ եւ երկարաժամկետ նպատակներ: Ծնողները պետք է երբեք չքաշվեն խնդրել հոգեբույժին ավելի մատչելի բացատրել անհասկանալի բառերը կամ տերմինները:



Երբ բուժելի խնդիրը բացահայտվում է, նախագծվում է բուժման պլան: Մանկապատանեկան հոգեբույժները հատուկ մասնագիտացված եւ հմտացած են երեխաների, դեռահասների եւ ընտանիքների բազմակողմանի հոգեկան գնահատումներ անցկացնելու մեջ