Եղիր արդարացի, հետո միայն մեծահոգի:

ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երեխաները օրեկան մի քանի անգամ լսում, տեսնում կամ կարդում են նորություններ հեռուստատեսությամբ, ռադիոյով, թերթերում, ամսագրերում եւ Ինտերնետում: Տեղական եւ համաշխարհային նորությունները տեսնել կամ լսելը, օրինակ՝ բնական աղետների, դժբախտ պատահարների եւ հանցագործությունների մասին, կարող են երեխայի մոտ սթրես, անհանգստություն եւ վախեր առաջացնել:



Նորությունների մատուցման ձեւի մեջ վերջերս կատարված փոփոխությունները զգալիորեն նպաստել են երեխաների մոտ բացասական զգացմունքներին: Այս անցանկալի փոփոխություններից են.

• հեռուստատեսային ալիքներ եւ ինտերնետային սայթեր, որոնք օրեկան 24 ժամ լուրեր են հայտնում

• հեռուստատեսային ալիքներ, որոնք ուղիղ եթեր են հեռարձակում իրական անկեղծ դեպքեր

• հատուկ թողարկումներ հասարակության անդամների եւ հայտնի մարդկանց անձնական կյանքի մասին՝ ամենայն մանրամասնությամբ

• նորությունները ամեն գնով մատուցելը, որպես զբաղվածության արդյունաբերության մրցակցական բնույթի մի մաս

• բնական աղետների եւ բռնության դեպքերի մանրամասն եւ կրկնվող հեռարձակում



Վերջերս մեծ բանավեճեր են գրանցվում այն հարցի շուրջ, որ ծնողներին պետք է նախապես տրամադրել բռնության եւ սեքսի մասին հաղորդումների հեռարձակման ցանկը, իսկ նորությունների ծրագրերը միայն նոր են մտցվում այդ բանավեճերի թեմայի մեջ: Հետազոտությունը ցույց է տվել, որ երեխաները եւ դեռահասները հակված են կրկնօրինակել այն, ինչ տեսնում եւ լսում են նորություններով: Բռնության կրկնվող ցուցադրումները կարող են երեխայի մոտ վախերի, զգայունության անկման, իսկ որոշ դեպքերում՝ ագրեսիայի եւ դաժան վարքի աճի պատճառ դառնալ: Ուսումնասիրությունները նաեւ ցույց են տալիս, որ նորություններ հաղորդող ծրագրերը միշտ չէ, որ ընտրում են տեղական կամ ազգային ուղղվածություն ունեցող նյութեր: Օրինակ՝ ըստ վիճակագրության, հանցագործությունների թիվը պակասել է, մինչ դեռ հանցագործությունների զեկույցները ավելացել են 240%-ով: Այլ ծրագրեր հաճախ դադարեցվում են հատուկ թողարկումների կամ հանցագործությունների զեկույցների հեռարձակման համար, եւ հատկացված ժամանակահատվածի 30%-ը նվիրում են հանցագործության մանրամասն ցուցադրմանը:



Նորությունների հնարավոր բացասական ազդեցությունը կարող է նվազեցվել ծնողների, ուսուցիչների կամ երեխային խնամող այլ անձանց կողմից, եթե վերջիններս երեխայի հետ միասին դիտեն նորությունները եւ քննարկեն ամեն տեսածն ու լսածը: Երեխայի տարիքը, հասունության եւ զարգացման աստիճանը, կյանքի փորձվածությունը եւ զգայունության մակարդակը պետք է հաշվի առնվեն՝ ընտրելիս, թե որքան ժամանակ եւ ինչ նորություններ նա կարող է դիտել:



Նորություններ դիտելու բացասական ազդեցությունները նվազեցնելու համար ծնողները պետք է.

• բավականաչափ ժամանակ տրամադրեն եւ ճիշտ վայր ընտրեն՝ երեխայի հետ ակնկալվող վատ կամ անհանգստացնող նորությունների մասին խոսելու համար

• հարցնեն երեխային, թե նա ինչ է տեսել/լսել եւ ինչ հարցեր ունի տեսածի/լսածի կապակցությամբ

• վստահեցնեն երեխային, որ նրան վտանգ չի սպառնում եւ ինչ էլ որ լինի, ծնողները նրա հետ են՝ նրան պաշտպանելու համար

• ուշադիր լինեն երեխայի մոտ նկատված վախերի, քնկոտության, գիշերամիզության, լացի նախանշաններին կամ վախեցած լինելու մասին զրույցներին, որոնց պատճառը կարող են լինել նորությունների չափազանց դիտումը



Ծնողները պետք է հիշեն, որ շատ կարեւոր է երեխայի կամ դեռահասի հետ խոսել նրա տեսածի/լսածի շուրջ: Զրույցների օգնությամբ ծնողները կարող են նվազեցնել նորությունների բացասական ազդեցությունը եւ արտահայտել իրենց մտքերը եւ կարծիքները այդ կապակցությամբ: Թեեւ երեխաներին հնարավոր չէ լիովին պաշտպանել արտաքին իրադարձություններից, ծնողները կարող են օգնել նրանց ապահով զգալ իրենց շրջապատող աշխարհում եւ ավելի լավ հասկանալ այդ աշխարհը: